Ախալքալաքի բերդի եւ Աբուլի բերդի վերականգնումը հետաձգվում է՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով: Աբուլ բերդի համար պատրաստվում է հետազոտության փաստաթղթերը, իսկ Ախալքալաքի բերդի վերականգնման համար դեռևս ամեն ինչ հետաձգված է:

Ենթադրաբար, Աբուլի բերդը վերակառուցումից հետո կունենա հետեւյալ տեսքը:

Այս պահի դրությամբ, ըստ Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական կենտրոնի աշխատակից Գոդերձի Նարիմանիշվիլիի, ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որից հետո կկազմվի նախագիծը:

Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսն ազդել է վերակառուցման և վերականգնման ու պահպանման աշխատանքների ընթացքի վրա: Եթե Աբուլի բերդում հնագիտական ուսումնասիրություններ են տարվում, ապա Ախալքալաքի բերդում, որտեղ նույնպես նախատեսվում էր ուսումնասիրություններ անցկացնել, հետաձգվում է անորոշ ժամանակով՝ մինչև լուծվեն համավարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները:

«Աբուլի բերդում ընթանում են հնագիտական ուսումնասիրություններ և հատվածական մաքրում: Մենք ենթադրում ենք բացահայտել այս բերդի ճարտարապետական ձևը և պատմագրության առումով ժամանակագրական շրջանակը հստակեցնել, պարզաբանել բերդի ժամանակաշրջանը և այլն: Վերականգնողա–պահպանողական վերանորոգումը նշանակում է, որ բերդը մնում է նույն տեսքով, բայց նաև լինում է վերականգնման ինչ-որ գործընթաց: Դա նման չի լինի վերակառուցմանը: Սա համեմատաբար պահպանողական է: Գործընթացը, հավանաբար, կտևի 5-6 տարի», – ասում է Բեքա Բարամիձեն:

2019 թվականի սեպտեմբերին, Գոդերձի Նարիմանանիշվիլիի գլխավորած Մշակույթի հուշարձանների պահպանման և ուսումնասիրման կենտրոնի ներկայացուցիչները՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության աջակցությամբ, սկսեցին Աբուլի բերդի հնագիտական ուսումնասիրությունները: Պեղումների հիմնական նպատակը փաստաթղթեր կազմելն էր, որպեսզի հուշարձանը կարողանա ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում` հետագա պաշտպանության նպատակով: Հնագիտական պեղումներն իրականացվել են փոքր մասշտաբներով` 2-3 մետր երկարությամբ, 1-1,5 մետր լայնությամբ: