Վրաստանի առաջին դեմքերը շնորհավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին՝ ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա առթիվ և հարգել են զոհերի հիշատակը:
Այս տարի Թբիլիսիի Վակեի զբոսայգում, որտեղ գտնվում է Հաղթանակի հուշահամալիրը և Անհայտ զինվորի հուշարձանը, տոնական միջոցառումները չեն կարողացել անցկացնել վերանորոգման աշխատանքների պատճառով: Առավոտից հասարակությունը հավաքվում է մայրաքաղաքի Մշակույթի և վետերանների հանգստի պուրակում (Կիկվիձեի պուրակ)։ Այնտեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի հերոսներից մեկի` Մելիտոն Քանթարիայի հուշարձանը, որը 1945-ի մայիսին Միխայիլ Եգորովի հետ միասին տեղադրել էր Ռայխստագի նկատմամբ տարած հաղթանակի դրոշը:
Կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրին, ապա անձամբ շնորհավորեցին պատերազմի մասնակիցներին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ յուրաքանչյուրի պարտքն է հիշել ու հարգել վետերաններին:
«Այսօր լրանում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձը: Նախևառաջ ուզում եմ շնորհավորել մեր վետերան հերոսներին այս նշանակալի օրվա, մեծ հաղթանակի կապակցությամբ, որում ներգրավված են վրացի հերոսները՝ մեր վետերանները: Ես կցանկանայի մեկ անգամ ևս արտահայտել իմ խորին հարգանքը նրանց հանդեպ, ինչպես նաև խոնարհվել նրանց առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի: Ինչպես գիտեք, Վրաստանն ու վրացիները հսկայական ներդրում են ունեցել այս մեծ հաղթանակին հասնելու գործում», – ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան խորհրդարանական մեծամասնության անդամների հետ միասին նույնպես եկել էր Կիկվիձեի պուրակ:
«76 տարի առաջ մարդկությունը ջախջախեց շատ վտանգավոր թշնամուն, և վրացի հերոսների դերը այս հաղթանակում շատ մեծ էր: Մենք միշտ պետք է հիշենք նրանց, հարգենք և հոգ տանենք վետերանների մասին… Անհրաժեշտ է ոչ միայն հոգ տանել և հիշել նրանց, այլև հարգել նաև այն մեծ նվաճումները, որոնք նրանք ձեռք են բերել հանուն իրենց երեխաների և թոռների՝ իրենց կյանքի և առողջության գնով», – ասել է Կուճավան:
Ավանդաբար, կառավարությունը ֆինանսական օգնություն է տրամադրում վետերաններին մինչև մայիսի 9-ը: Այս տարի պատերազմի մասնակիցները ստացան հազար լարի (մոտ 290 ԱՄՆ դոլար), իսկ ռազմաճակատում զոհվածների ընտանիքի անդամները՝ 500-ական լարի (ավելի քան 145 ԱՄՆ դոլար):
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում ներկայումս ապրում են Երկրորդ համաշխարհային պատերազմի 264 մասնակիցներ, որոնցից 115-ը Թբիլիսիում, իսկ 149-ը՝ շրջաններում: Նրանց մեծ մասը հարյուրց ավելի տարեկան է:
«Ազատություն» ռադիոկայանի Թբիլիսիի բյուրոն կիսվել է վետերանների լուսանկարներով, ովքեր այսօր ներկա էին Կիկվիձեի պուրակում:
Վրաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է խորհրդային բանակի կազմում և կորցրել երկրի բնակչության 10%-ը:
Վրաստանի տարածքը չի բռնագրավվել Գերմանիայի կողմից և չի ռմբակոծվել, սակայն ավելի քան 700 հազար վրացի մարտիկներ կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում 1941-1945 թվականներին՝ ֆաշիզմի դեմ պայքարում, որոնց կեսից ավելին չի վերադարձել հակրենիք:
Տասնյակ հազարավոր վրացիներ արժանացել են Խորհրդային Միության կառավարության մրցանակների, շքանշանների, նրանցից 167-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ:
Աղբյուրը՝ NewsGeorgia