Մոսկվայում, Չայկովսկու անվան համերգասրահում ավարտվեց «Grand Piano Competition»-ի մրցանակաբաշխության արարարողությունը: Մրցույթի դափնեկիրներն ու դիպլոմակիրները ստացան հատուկ մրցանակներ և պարգևներ: Համացանցում քվեարկության արդյունքում Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի Անահիտ Ստելմաշովի տաղանդն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք»-ին:
Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Մոսկվայում անցկացվեց Դենիս Մացուևի «Grand Piano Competition» երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը: Ելույթ ունեցան 7 երկրներից 15 դաշնակահարներ: Առաջին փուլում նրանք հանդես եկան մեներգային համերգով, իսկ երկրորդ փուլում՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգով:
Անահիտն անցավ առաջին փուլը և ընդգրկվեց 7 դափնեկիրների շարքում: Առաջին փուլում նա կատարեց հետևյալ ստեղծագործությունները.
Դ. Սկարլատտի, Սոնատ Դո մինոր, K.141, L. 422
Մոցարտ, Սոնատ № 6 Դո մաժոր, K. 284, գործողություն 1
Ֆերենց Լիստ, Հունգարական ռապսոդիա №11 Լյա մինոր, S. 244 №11
Պրոկոֆև, «Չորս պիես դաշնամուրի համար»-ից «Մտահոգություն»-ը, գործ. 4
Շյոնբերգ, «Երեք պիես դաշնամուրի համար»-ից «Mässig»-ը, գործ. 11
Կոմիտաս, «Մարալի» և «Շուշիկի» ստեղծագործությունները «Պարեր դաշնամուրի համար»-ից
Հասնելով եզրափակիչ՝ Անահիտը նվագեց Սենտ-Սանսի ստեղծագործությունները: Համերգ № 2 դաշնամուրի համար նվագախմբի ուղեկցությամբ՝ Սոլ-մինոր, գործ. 22
Անահիտը ծնվել է Ախալքալաքում՝ 2006 թվականին, 6 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ: 2017 թվականից սովորում է Թբիլիսիի Է. Միքելաձեի անվան երաժշտական կենտրոնական ուսումնարանում (Նինո Քաթամաձեի դասարանում): Ելույթներ է ունեցել Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բաթումի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների IV միջազգային մրցույթ-փառատոնի (2017, II մրցանակ), Վրաստանում «Batumi Music Fest» V միջազգային փառատոնի (SOS-Talents հիմնադրամի Գրան-պրի), XX միջազգային հեռուստատեսային մրցույթ «Մարդուկ-Ջարդուկը» (2019, «Արծաթե Մարդուկ-Ջարդուկ»), Վրաստանում Թ. Ամիրեջիբիի անվան դաշնակահարների VI միջազգային մրցույթի (2020, I կարգի պարգև և հատուկ մրցանակ) դափնեկիր է, ինչպես նաև ԱՄՆ-ում «American Protégé Concerto Competition» միջազգային մրցույթի (2020, 1-ին մրցանակ) և այլ մրցույթների դափնեկիր: Մասնակցել է Վլադիմիր Սպիվակովի Հիմնադրամի (2020) «Մոսկվան հանդիպում է ընկերներին» փառատոնի առցանց համերգին: «Քնար» (Վրաստան), «SOS-Talents» (Ֆրանսիա), «Atken Armenian» (Կանադա) հիմնադրամների անվանական թոշակառու: