Վրաստանում Nokia-ի գործունեության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում, որտեղ փոխնախարարներ Գենադի Արվելաձեն և Իրակլի Նադարեիշվիլին հանդիպել են ֆիննական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահ Միկո Լավանտի հետ:
Հանդիպմանը նշվել է, որ ֆիննական կորպորացիան ցանկանում է մուտք գործել վրացական շուկա: Ինչ վերաբերում է ուղղություններին, հանդիպմանը քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական ինտելեկտը և թվային տնտեսությունը:
Նախարարության ներկայացուցիչները Nokia-ի փոխնախագահին տեղեկացրել են Վրաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա իրավիճակի, այդ թվում` թվային տնտեսության զարգացման և համընդհանուր ինտերնետի ոլորտում ընդունված որոշումների մասին: Նշվել է, որ Վրաստանը մտադիր է տարածաշրջանում դառնալ թվային հանգույց, որի համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Բացի այդ, ուշադրություն է դարձվել օրենսդրական բարենպաստ միջավայրին` ուղղված միջազգային տեխնոլոգիական կորպորացիաների ներգրավմանը և երկրում տարածաշրջանային գրասենյակների բացմանը, ինչը պետք է նպաստի Վրաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին ու Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Կապի, տեղեկատվության և ժամանակակից տեխնոլոգիաների վարչության պետ Էկա Կուբուսիձեն: