Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացումը դարձել է ոչ միայն հողագործների, այլեւ ինքնակառավարման ղեկավարության հիմնական խնդիրը: Շուտով կսկսվեն գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ կարտոֆիլի նախորդ տարվա բերքը դեռ չի իրացվել:

Մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքի մեծ մասը չի վաճառվել: Նախորդ տարիներին, այս ժամանակ կարտոֆիլը մնում էր միայն շրջանի հեռավոր գյուղերում, իսկ այս տարի, նույնիսկ քաղաքին մոտ գտնվող գյուղերում, ինչպիսիք են Չամդուրան, Դիլիսկան, Կարտիկամը, կա չիրացված կարտոֆիլ: Բնակիչների պահեստներում կարտոֆիլը փտում է, մունիցիպալիտետում եղանակն արդեն տաքանում է, պետք է սկսել գյուղատնտեսական նոր սեզոնը: Սակայն, հողագործներն անցած սեզոնի պարտքերը չեն մարել, և նոր սեզոնը սկսելու համար միջոցներ չունեն:

Համավարակի և փակ սահմանների պատճառով Ջավախքի բնակչությունը չկարողացավ արտագնա աշխատանքի մեկնել: Արդյունքում, մարդիկ սկսեցին ավելի շատ հողատարածք մշակել և Ջավախքում ստացան ավելի շատ բերք, քան նախորդ տարիներին:

Իրավիճակից ելք գտնելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և պատգամավորները հանդիպեցին Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գյուղի զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեին:

Հանդիպման արդյունքում, Սակրեբուլոյի կողմից Գյուղատնտեսության նախարարությանը նամակ ուղարկվեց, որպեսզի նախարարությունն, իր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում, օգնի հողագործներին:

«Մենք իմացանք, որ 13 արտահանող կառավարության օգնությամբ զբաղվում են գյուղմթերքի արտահանմամբ, և մենք նամակ գրեցինք Գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի նախարարության փորձագետները աշխատեն իրացման խնդրի շուրջ և խթանեն մեր կարտոֆիլի վաճառքը, քանի որ 30-40 օր հետո կսկսվի մշակաբույսերի նոր ցանքը: Համավարակն այնպես էլ մեր գյուղացիներին դրել է ծանր կացության մեջ և, դրան հավելյալ՝ հիմա էլ իրացման խնդիրը: Կամ գոնե սուբսիդիա տան մեր հողագործներին, ինչպես տրամադրում են այլոց », – ասում է Նաիրի Իրիցյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի մշակվել է 11 000 հա հողատարածք, որտեղից ստացվել է 218 175 տոննա կարտոֆիլ:

Ֆերմերներից ստացված տեղեկատվության համաձայն, մունիցիպալիտետում իրացված չէ մոտ 30 000 տոննա կենցաղային կարտոֆիլ, և շուրջ 18 000 տոննա մանր, սերմացու կարտոֆիլ: Իրացման հետ միասին ֆերմերների դեմ է գործում նաև գինը: Կարտոֆիլի խոշոր գնումները արվում են 25-37 թեթրիով, իսկ 1 կիլոգրամ խոշոր կարտոֆիլի շուկայական գինը 40-50 թեթրի է, իսկ մանրինը՝ 25 թեթրի:

Ախալքալաքի և Նինոծմինդայի Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը Jnews- ին ասաց, որ ինքը տեղյակ է, որ գոյություն ունի իրացման խնդիր:

«Թող ժողովուրդը գա, տեսնենք, թե ինչ առաջարկներ ունեն, մենք պայմանավորվել ենք հանդիպել նրանց հետ, բայց նրանք դեռ չեն եկել, թող գան, խոսենք, տեսնենք, թե ինչ քանակության մասին է խոսքը», – ասաց պատգամավոր Սամվել Մանուկյանը:

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ ստեղծված իրավիճակի մեջ մեղավորը Գյուղատնտեսության նախարարությունն է, և հենց իրենք՝ հողագործները:

«Նախարարությունը մեղավոր է այն բանի համար, որ իրացման համակարգ, ռազմավարություն իր ենթակառուցվածքներով և պահեստաին մասի կառավարմամբ, դեռևս ստեղծված չէ, և այդ պատճառով էլ առաջանում է քաոս: Շուկայում համակարգված մոտեցում չկա: Դրանում մեղավոր է Գյուղատնտեսության նախարարությունը, որը պետք է արտերկրներում պայմանագրեր կնքի: Նրանք պետք է վաճառաշուկաներ փնտրեն: Օրինակ, ես գիտեմ, որ Կենտրոնական Ասիայի երկրներում կարտոֆիլի պակաս կա, դա պետք է կազմակերպի նախարարությունը, ֆերմերը դա չի կարող անել: Ֆերմերներն էլ, իրենց հերթին, մեղավոր են, որ չեն կարողանում երաշխավորել կայուն մատակարարումներ », – ասում է Մախարե Մացուկատովը: