Այսօր՝ մարտի 18-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի քաղաքացիներ՝ տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ, բողոքի ակցիա են անցկացնում «Ես սփյուռք չեմ» նշանաբանով:
Վրաստանի խորհրդարանում Սփյուռքի և Կովկասի հիմնահարցերի խորհրդարանական հանձնաժողովի բազայի հիման վրա մարտի 15-ին ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների գիտա-խորհրդատվական խորհուրդ: Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Դրա նպատակն է նպաստել երկկողմ արդյունավետ ինտեգրման գործընթացին և աշխատել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան խորհրդի ղեկավար է նշանակել պատգամավոր Ռիմա Բերաձեին:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը «Սալամ» քաղաքացիական պլատֆորմն է: «Բաթումելեբի» հրատարակությունը զրուցել է այս կազմակերպության ներկայացուցիչ Քյամրան Մամեդլիի հետ:
Քյամրանը հասարակությանը, այդ թվում՝ Վրաստանի կառավարությանը, բացատրում է, թե ինչու Վրաստանում ծնված և բնակվող էթնիկ փոքրամասնությունները չեն կարող սփյուռքի մաս կազմել:
«Վրաստանի բնակչության 6,3 տոկոսն էթնիկ ադրբեջանցիներ են, իսկ ընդհանուր բնակչության 13,2 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններն են: Սփյուռքը, ակադեմիական սահմանմամբ, նշանակում է մարդկանց խումբ, ովքեր պատմականորեն կապված են եղել որոշակի պետության հետ և որոշ ժամանակ անց տեղափոխվել են այլ երկիր:
«Մենք՝ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններս, գտնում ենք, որ մենք երբեք այլ երկրի մաս չենք կազմել, մենք միշտ եղել ենք Վրաստանի մասնիկը, մենք այստեղ ենք ծնվել, այստեղ մեծացել, և մեզ համար էապես խնդրահարույց է մեզ վերագրել մեր սփյուռքին», – ասում է Քյամրան Մամեդլին:
Բողոքի ակցիա. «Ես սփյուռք չեմ»
Այսօր խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պահանջում են լուծարել Սփյուռքի կոմիտեի բազայի հիման վրա ստեղծված հանձնաժողովը, և այդ հանձնաժողովը ստեղծել Մարդու իրավունքների և հավասարության հանձնաժողովի բազայի հիման վրա:
«Կարևոր է նաև հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Սփյուռքի կոմիտեի դեպքում այս գործընթացը եղել է ոչ թափանցիկ, ներառական և փակ: Մենք այսքան ժամանակ աշխատում ենք այս ոլորտում, և մենք տեղյակ չէինք, որ նման հանձնաժողով է ստեղծվել խորհրդարանում:
ՀԿ-ների հետ խորհրդակցություններ չեն անցկացվել: Հետևաբար, մենք կարծում ենք, որ գաղտնի, փակ գործընթացի արդյունքում ստեղծված հանձնաժողովը հատուկ է ընտրվել կառավարության կողմից, քանի որ նման հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում չի առաջադրի կարևոր հարցերը և կարծիքները», – ասում է Մամեդլին:
Նրա կարծիքով, Սփյուռքի կոմիտեում ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների հանձնաժողովի ստեղծումը պետության կողմից պրոբլեմատիկ մոտեցում է, քանի որ Սփյուռքի կոմիտեին առընթեր նման հանձնաժողովի ստեղծումը ցույց է տալիս, որ պետությունը ազգային փոքրամասնություններին համարում է սփյուռք մեկ այլ երկրում:
«Այսքան տարիների ընթացքում, օրինակ, էթնիկ ադրբեջանական համայնքը փորձել է բացատրել հարևան երկրներին և ապացուցել, որ մենք Վրաստանի որևէ երկրում սփյուռքի ներկայացուցիչ չենք, և որ մենք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ ենք:
Մենք հնարավորինս ձգտում ենք հասնել Վրաստանում հայտարարված էական հավասարության: Այնուամենայնիվ, այս որոշումը հստակ ցույց է տալիս, որ պետությունը, չնայած այն արձանագրմանը, որ քայլում է քաղաքացիական հավասարության և քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով, որտեղ էթնիկ, ազգային, կրոնական կամ որևէ այլ պատկանելություն նշանակություն չունի, իսկա ամենակարևորն էլ Վրաստանի քաղաքացիությունն է: Երբ պետությունը նման որոշում է կայացնում և Սփյուռքի կոմիտեում ներկայացնում է այսպիսի հանձնաժողով, դա մեզ ստիպում է մտածել, որ պետությունը չի հասկանում, որ մենք սփյուռք չենք», – ասում է Քյամրանը:
«Բաթումելեբի» հրատարակությունը հետաքրքրվել է, թե ինչու մարդիկ, ովքեր ազգային փոքրամասնությունների անունից մասնակցում էին խորհրդարանում նշված հանձնաժողովի ստեղծմանը, քննադատական դիրքորոշում չէին ցուցաբերել: Ինչին Քյամրան Մամեդլին պատասխանել է, որ պետք չէ չափազանց քննադատաբար վերաբերվել իրենց որոշմանը:
«Մենք հասկանում ենք նրանց, քանի որ էթնիկ փոքրամասնություններն այնքանով են բացառված մեր հասարակությունից, որ այն պլատֆորմը, որը ստեղծվում է խորհրդարանում և նրանց հրավիրում է բանախոսության, ինչ-որ պահի կարող է գայթակղիչ դառնալ որոշ ներկայացուցիչների համար: Մենք, իհարկե, չենք քննադատում համայնքի ներկայացուցիչներին, քանի որ նման խորհրդի ստեղծումն ինքնին խնդրահարույց չէ, ընդհակառակը, պետք է լինեն խորհրդարանին և կառավարությանը կից նման խորհուրդներ, որտեղ փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողանային բարձրաձայնել իրենց մտահոգությունները, փորձառություններ և մարտահրավերները: Թեև նման ներկայացուցչությունները չպիտի գոյություն ունենան Սփյուռքի կոմիտեի հովանու ներքո», – պարզաբանել է Քյամրան Մամեդլին:
Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այլ նաև հասարակական կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ ակտիվ աշխատում են այս ոլորտում և պաշտպանում փոքրամասնությունների իրավունքները:
«Ինչու՞ են նրանք որոշել ստեղծել այսպիսի հանձնաժողով»,- «Բաթումելեբի»-ն փորձել է այս հարցը ուղղել Բեքա Օդիշարիային և Ռիմա Բերաձեին: Նրանք դեռևս չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Գլխավոր լուսանկարը. «Ես սփյուռք չեմ», Էլնուր Ալոիսի ֆեյսբուքյան էջից: