26-ամյա Լիանա Մարգարյանը Թբիլիսիից է։ Ավարտել է թիվ 104 հայկական դպրոցը, հիմա աշխատում է Վրաստանի առաջին ալիքում և դասախոսում Թբիլիսիի պետական համալսարանում։ Վերջերս շատ պատահական առաջարկություն է ստացել նկարահանվել Հայաստանի Շանթ հեռուստաընկերության «Աշխարհի հայեր»-ը հաղորդաշարում: Ինչին չի սպասել, սակայն սիրով համաձայնել է՝ գիտակցելով, որ մեծ պատասխանատվություն է այդպիսի հաղորդաշարում նկարահանվելը։
Շանթի վերոնշյալ հաղորդման մասին բնականաբար տեղյակ է եղել, բայց երբեք չի պատկերացրել, որ ինքը երբևէ կլինի հաղորդման հյուր։
«Երբևիցե չէի պատկերացնի, որ այսպես շուտ, այսինքն՝ 26 տարեկան հասակում կարժանանայի այդ ուշադրությանը: Երբ պարոն Արտյոմն ինձ զանգահարեց, մտածում էի, որ որպես կոլեգա հնարավոր է նրան իմ օգնությունն է անհրաժեշտ, բայց պարզվեց, որ նրա զրուցակիցը պիտի լինեի»:
Լիանան գիտակցել է, որ շատ մեծ պատասխանատվություն է, բայց մինչ նկարահանման օրը, չի էլ մտածել, թե ինչ պիտի խոսի, մտածել է՝ ինչ սիրտը թելադրի, այդ էլ կասի: Արտյոմ Երկանյանը նկարահանման համար գրեթե երկու ամիս առաջ է զանգահարել ու առաջինը ինչ հաստատ որոշել է Լիանան դա այն է եղել, որ նկարահանվելու են Թբիլիսիի պետական համալսարանում, որովհետև այդ վայրը նրա համար կրթության տաճար և արդեն հարազատ տուն է դարձել:
«Շատ տարօրինակ զգացում էր, երբ տաղավարում հարցերը ես չէի տալիս ու եթե ճիշտն ասեմ, այդ ժամանակ այդ հաղորդման կարևորությունը լիովին չէի էլ գիտակցում: Միակ բանն ինչ հաստատ գիտեի այն էր, որ Հայաստանում բոլոր իմ ծանոթները և բարեկամները կտեսնեին, և իհարկե, ցանկություն ունեի արդարացնել այն փաստը, որ Վրաստանից ինձ էին հրավիրել, որպես ինչ-որ լումա ունեցող Աշխարհի հայ»։
Նկարահանումը շատ լավ է անցել, չնայած նրան, որ հետո ուղիղ մեկ շաբաթ Լիանան մտածել է, որ կարող էր իր արտահայտած միտքն այլ կերպ ձևակերպել, որ մոռացել է ինչ-որ բան ավելացնել և այլն:
Նա չի պատկերացրել, որ այդքան մեծ հաջողություն կունենա հաղորդումը:
«Սոցիալական ցանցում տեղադրելուց անմիջապես մի քանի րոպե անց սկսեցին շատ հաճելի մեկնաբանություններ թողնել: Ամեն ժամ մտնում էի և ընթերցում՝ թե ինչ են գրել: Այս պահին էլ, որ հիշում եմ, շատ եմ հուզվում: Աշխարհի բոլոր անկյուններից հայերը, իմ ազգակիցները ուղղակի չտեսնված խոսքեր էին գրում՝ ապշել էի: Մինչ այսօր, ամեն օր այցելում եմ հաղորդման էջ, որ տեսնեմ, թե ինչ նոր մեկնաբանություն են թողել»:
Լիանան մանկուց երազել է, որ կարողանա օգնել տաղանդավոր մարդկանց՝ հատկապես երիտասարդներին:
«Շատ պահեր են եղել իմ կյանքում, երբ ես չեմ երևացել զուտ այն պատճառով, որ իմ ուժերին չեն հավատացել և ուշադրություն չեն դարձրել: Ու ես միշտ և շատ եմ ցանկացել, որ իրական տաղանդը, ունակությունները կարողանամ բացահայտել և հետո ցույց տալ»:
Ասում է՝ թե առաջ և թե հիմա՝ չկա մի օր չաշխատի, միշտ մտածում է նոր ուղիների մասին՝ կրթվելու, կատարելագործվելու համար:
Հենց այս մտորումների մեջ էլ Լիանան հասկացել է, որ պիտի լրագրող դառնա, քանզի կկարողանա ցույց տալ բոլորին այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում ուղղակի չեն գոյատևում, այլ՝ ապրում են:
Դպրոցն ավարտելուց հետո «4+1» ծրագրով ընդունվել է իր համար մայր ԲՈՒՀ դարձած Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը: Բարձրագույն բալերով է ընդունվել և ստացել 100 տոկոսանոց գրանտ: Առաջին տարիներին աշխատել է որպես թարգմանիչ:
Ինչպես ինքն է ասում՝ բախտի բերմամբ երրորդ կուրսում հանդիպել է այնպիսի դասախոսների, որոնք իր մեջ ինչ-որ թաքնված ունակություններ են նկատել: Նրանց թվում ամենակարևոր մարդը եղել է պրոֆեսոր Մայա Տորաձեն:
«Մի քանի շաբաթ հետո նա ինձ առաջարկեց լինել թերթի տեխնիկական խմբագիր և համալսարանի թերթի ստաժոր լրագրող, իհարկե համաձայնվեցի: Դրանից հետո առաջարկություն ստացա Բորժոմիի մեդիա կենտրոնից, վարել նախագծերից մեկը և կարելի է ասել իմ հաջողության պատմությունը այստեղից է սկսվում»:
Մասնակցել է բազում միջոցառումների, շատ անգամ ամիսներով աշխատել է անվճար, քանզի գիտակցել է, որ դա այն է, ինչը կօգնի իրեն, որ նա մասնագիտորեն զարգանա: Բաց չի թողել ոչ մի հնարավորություն: Այդ ամենին հաջորդել է գիտական հետազոտություններ և գիտաժողովներ տարբեր համալսարաններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում, որտեղ մեծ հետաքրքրության է արժանացել իր հետազոտությունը:
«Այսպես դարձա հետազոտող և գտա իմ ուղղությունը՝ կեղծ լուրեր, դեզինֆորմացիա, պոպագանդա, վրաց-հայկական հարաբերություններ և այլն: Դա էլ հետագայում դարձավ իմ դիպլոմային թեզի թեման: Արդեն չորրորդ կուրսում ինձ Վրաստանի առաջին ալիքից զանգահարեցին և առաջակեցին աշխատանք հայալեզու բաժնում: Համաձայնվեցի, չնայած կասկածներ կային: Համոզված չէի, որ ես կկարողանամ, բայց կրկին քրտնաջան աշխատանքի և մեծ ցանկության շնորհիվ ամեն ինչ ստացվեց»:
Հեռուստաընկերության այն ժամանակվա տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն Լիանային նկատել և առաջարկել է տեղափոխվել վրացական բաժին՝ որպես «Բարի լույս» հաղորդման հաղորդավար:
«Դա ինձ համար մեծ քայլ էր, բնականաբար վախ կար, չնայած ամեն ինչ ինչ-որ մի իներցիայով առաջ էր գնում»:
Միաժամանակ Լիանան ուսումը շարունակել է նույն համասարանի մեդիահոգեբանություն բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: Մագիստրատուրան ևս ավարտել է գերազանց և գիտակցել, որ պետք է բարձրագույնի վերջին աստիճանն էլ ավարտի և կոչվի ասպիրանտ: Այժմ հանդիսանում է ԹՊՀ-ի Սոցիալ և քաղաքական գիտությունների ֆակուլտետի ասպիրանտ և ակտիվ աշխատում է դիսերտացիայի վրա, որը նրա ամենակարևոր և ծավալուն գիտական աշխատանքը պիտի լինի: Դրանից հետո նրան համալսարանում առաջարկել են դառնալ մուլտիմեդիա կենտրոնի գլխավոր մասնագետ:
«Երևի սա հենց այն պահն էր, որին ամբողջ կյանքս սպասում էի՝ աշխատել հետաքրքիր երիտասարդների հետ սովորեցնել և սովորել: Կարծում եմ, հենց սա է անմահության գաղտնիքը, երբ քո սովորեցրածը, քո մի մասնիկը հավերժ մնում է մեկ այլ մարդու մտքում և նա էլ իր հերթին այդ գիտելիքը փոխանցում է ուրիշին: Այսպես ստեղծվում է ցիկլ՝ շրջան, որի գոյության հետ դու էլ հավերժ ապրում ես, ավելի ճիշտ քո մտքի թռիչքն է հավերժ ապրում»:
Լիանան համալասրանում արժանացել է ոսկե մեդալի։ Հիմա հանդիպումներ է անցկացնում էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների հետ, ովքեր դպրոցում են սովորում։ Նրանց համար ստեղծել է հատուկ՝ կեղծ լուրեր ստուգելու և ընդհանուր լրագրության կուրսեր։
Լիանան վրաց հասարակության մեջ ինտեգրվելու համար շատ է կարևորում պետական լեզվի իմացությունը։
«Այս ամենում շատ կարևոր է, իհարկե վրաց լեզվի իմացությունը: Միայն այսպես է հնարավոր լիարժեք ինտեգրվել այն երկրում, որտեղ ապրում ես, որը քո հայրենիքն է: Բոլոր հաջողությունները և հնարավորությունները այստեղից են գալիս, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանալ՝ կամ հայերենը, կամ քո ազգը»:
Լիաննայի դաստիարակության հարցում մեծ դեր է ունեցել իր ընտանիքը:
«Յուրաքանչյուր մարդու կյանքում ընտանիքի անդամները իրենց լավ կամ վատ դերն են ունենում ու իմ բախտը նրանում է բերել, որ իմը դրական ազդեցություն էր: Ես միշտ ունեցել եմ հնարավորություն անել այն, ինչ համարել եմ ճիշտ, ցանկացած ծնող պիտի թույլ տա երեխային գտնի իր ճանապարհը»: