Այս տարի կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 172 000 լարի: Կամրջի փայտե ծածկը կփոխարինվի երկաթե ծածկով:

Ախալքալաքի մունիցիպալիտետը վերանորոգման ներկայացված երկու նախագծերից՝ փայտե ծածկով (նախագծի արժեքը՝ մոտ 130 000 լարի) և երկաթե ծածկով (նախագծի արժեքը՝ մոտ 172 000 լարի) նախագծերից, ընտրել է երկաթե ծածկովը: Ինչպես հայտնեցին Ախալքալաքի քաղաքապետարանից՝ վերանորոգման աշխատանքները կսկսվեն շուտով:

Նշենք, որ այս կամուրջը միակ հետիոտնային ճանապարհն է, որը կապում է քաղաքը Ջիվանու թաղամասի եւ նախկին №1 զինվորական ավանի հետ: Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է մոտ 10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ իրականացվել է առանձին անցատախտակների մասնակի վերանորոգում: Այսօր կամուրջը կրկին վտանգավոր է տեղաշարժման համար:

Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի՝ այս տարի վերը նշված կամրջի խնդիրը վերջնականապես կլուծվի:

Կամրջի փայտե ծածկը կփոխարինվի երկաթե ծածկով, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն տարատեսակ նորոգման աշխատանքներ: