«CNN Travel»-ն իր ընթերցողներին տեղեկացրել է կորոնավիրուսից պատվաստված զբոսաշրջիկների Վրաստան մուտքի սահմանափակումների ամբողջական վերացման մասին:
Ամերիկյան մեդիահոլդինգի ճանապարհորդների համար նախատեսված պորտալը թվարկել է յոթ երկրներ, որտեղ կարող են մեկնել պատվաստված զբոսաշրջիկները: Վրաստանից բացի, «CNN Travel»-ը «պատվաստման անձնագրեր» ունեցողներին խորհուրդ է տալիս Կիպրոսը, Էստոնիան, Իսլանդիան, Լեհաստանը, Ռումինիան և Սեյշելյան կղզիները:
Այս երկրներից մի քանիսը չեղարկել են պատվաստված ճանապարհորդողների համար սահմանափակումները, մյուսները զգալիորեն մեղմացրել են դրանք: Ինչպես նշում է հեղինակը, Վրաստանի դեպքում նույնիսկ «PCR» թեստի բացասական արդյունքը չի պահանջվի: Նշանակություն չունի նաև՝ թե որ արտադրողի պատվաստանյութով է անձը պատվաստված: Գլխավորն այն է, որ պատվաստման կուրսն ավարտված լինի, և քաղաքացին ունենա դա հաստատող փաստաթուղթը:
«Ցանկացած երկրից օդային ճանապարհով ճանապարհորդող բոլոր երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան, եթե նրանք ներկայացնեն Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը (երկու դեղաչափ) հաստատող փաստաթուղթը», – նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Փետրվարի 1-ից Վրաստանը ամբողջովին վերացրել է միջազգային կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները, որոնք ուժի մեջ էին 2020 թվականի մարտից՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այս պահին հնարավոր է թռչել Վրաստանից Գերմանիա և հակառակը, նաև Նիդեռլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:
Հերթական ավիաչվերթների վերսկսումից հետո՝ 36 օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև հայրենակիցների համար, պարզեցվել են Վրաստանի տարածք մուտք գործելու կանոնները: Եթե ոչ ուշ, քան 72 ժամ առաջ կատարված PCR թեստի բացասական արդյունքն առկա է, ապա Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի քաղաքացիները կամ բնակիչները կարող են մուտք գործել Վրաստան, այդ թվում՝ տարանցման միջոցով: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կորոնավիրուսային վերստուգում անցնել:
Բոլոր օտարերկրացիները, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը և կարող են ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, կարող են հուսալ, որ կկարողանան անվերապահ մուտք գործել Վրաստան:
Կառավարությունը շարունակում է աշխատել մուտքի ռեժիմի պարզեցման ուղղությամբ` պահպանելով անհրաժեշտ անվտանգության կանոնները: