նորություններ 6 Մայիսի, 2026 • Ծռատոն՝ ուխտագնացություն ցանկացած եղանակի (Photo)

Այսօր՝ մայիսի 6-ին, Ախալքալաքի բնակիչները նշում են «Ծռատոն» ժողովրդական տոնը։ Քաղաքի բնակիչները, և ոչ միայն, բարձրանում են Տավշանկա բլուրը կամ Տավշան Թափա, ինչպես անվանում են տեղացիները, և ուխտագնացություն կատարում դեպի 7 սրբավայրերը։ Երիտասարդները սիրում և աջակցում են այս ժողովրդական ավանդույթին։

craton_7

Ծռատոնը Ջավախքում նշվում է վաղուց՝ ամեն տարի մայիսի 6-ին։ Գոյություն ունի լեգենդ, որ այս օրը ոչ ոք գործ չպետք է անի, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։

craton_6

Այս տոնը «կարևոր» է նաև հղիների համար: Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Ջավախքում հավաստիացնում են, որ այս օրը, եթե հղի կինը գործ է անում, ապա երեխան ծնվում է նշանով: Ահա, թե ինչու Ջավախքում մայիսի 6-ը բառի բուն իմաստով ոչ աշխատանքային է:

craton_5

Մեր հասարակության մեջ այդքան տարածված Ծռատոնը, չնայած կրոնական տարրեր է պարունակում, որևէ կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի և տոների հետ։

craton_4

Գարունն Ախալքալաքում, թեև ցուրտ է, այնուամենայնիվ, գեղեցիկ շրջան է։ Ձյունածածկ լեռները կանաչապատ տարածքի ֆոնին ստեղծում են հետաքրքիր հակադրություն և շունչդ կտրում է։ Հատկապես գրավիչ է վերևից բացվող տեսարանը դեպի քաղաքը, որը ներքևից շատ փոքր է թվում։

craton_3

Ամեն տարի այս օրն Ախալքալաքում անձրևոտ, ցուրտ եղանակ է։ Եղանակը հաճախ խանգարում է բլուրը բարձրացողներին՝ ուխտագնացություն կատարելու և բնական գեղեցկությունը վայելելու համար, բայց նվիրված ուխտավորները, անկախ դրանից, բարձրանում են բլուրը։

craton_2

Ուխտավորները մոմեր են վառում բլրի վրա գտնվող սրբավայրերում՝ մաղթանքներ կատարելով և հավատալով, որ այդ ցանկությունները կիրականանան։

craton_1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝