«Օգնություն գյուղին» ծրագրով բազում նախագծեր են իրականացվել Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում։ Ձեզ ենք ներկայացնում Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղում իրականացված աշխատանքները։
2015 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքին հատկացվել է՝ 1 067 601 լարի, որից Ալաթումանին է տրամադրվել՝ մոտ 14 000 լարի։ Այդ տարվա հատկացված գումարով գյուղում խմելու ջրի խողովակներ են գնել, մետավոր 1840 մետր։
2016 թվականին Ախալքալաքի շրջանին հատկացվել է 1 111 730 լարի, իսկ Ալաթումանին՝ 13 500 լարի, ինչը նույնպես ծախսվել է գյուղում խմելու ջրի խնդրի լուծման նպատակով։
2018 թվականին մունիցիպալիտետը Ալաթուման գյուղի ջրի խնդիրը լուծելու համար հատկացրել է 205 840 լարի։ 2019 թվականին՝ 25 000 լարի, իսկ 2020 թվականին՝ 61 162 լարի։
Այսօրվա դրությամբ Ալաթումանում խմելու ջրի խնդիրն այլևս լուծված է։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության մասնագետ Գարիկ Գալիվոնջյանն ասում է. «Սկզբից ջուրը Բեժանոից պետք է հասներ Ալաթուման անցնելով սարերի միջով, սակայն ջուրը չկարողացավ հաղթահարել բարձունքը, հետո նոր նախագիծ իրականացրինք և ջուրը առանց խնդրի հասավ գյուղ, մոտ 70 000 լարի ծախսվեց: Դրանից առաջ թե ինչքան է ծախսվել չեմ կարող ասել, այդ ժամանակ ես չեմ աշխատել», – ասում է Գալիվոնջյանը։
Վերջինս նշում է, որ Ալաթումանում «Օգնություն գյուղին» ծրագիրը գյուղում ջրի խնդրի լուծման հետ կապ չի ունեցել։
««Օգնություն գյուղին» ծրագրով նրանք մարզադաշտ, բուժկետ և բուժկետի կոյուղին են կառուցել», – հավելում է Գարիկ Գալիվոնջյանը
2019 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի, որից Ալաթումանին է տրամադրվել 16 000 լարի։
Բնակիչների և մասնագետի որոշմամբ գյուղում բուժկենտրոն է կառուցվել:
««Օգնություն գյուղին» ծրագիրը ոչ միայն մեր, այլև բոլոր գյուղերի համար կարևոր նշանակություն ունեցավ։ Այդքան փող պետությունը հատկացրել է, մնում է գյուղերում այդ գումարը ճիշտ օգտագործեն։ Մենք շնորհակալ ենք, որ կա այսպիսի ծրագիր։ Օգտվել ենք ծրագրից, և թե ինչ նպատակով պետք է օգտագործեինք տրված գումարը միշտ որոշվել է գյուղի բնակիչների հետ», – ասում է Ալաթուման գյուղի մասնագետ Մակբեթ Տոնոյանը։
Արդեն երկու տարի է գյուղում բուժկենտրոնի շենքը կառուցված է, սակայն մինչ օրս այն չի շահագործվում, ոչ համապատասխան սարքավորումներ կան, ոչ էլ աշխատողներ:
«Երբ այս բուժկետը մենք կառուցեցինք, շրջանի ղեկավարությունը խոստացավ, որ հաստիք կտրամադրեն, մենք մեծ գյուղ ենք, շրջանից 25-26 կմ հեռավորության վրա ենք գտնվում, գոնե մի աշխատողի հաստիք լինի, որ առաջին օգնություն ցույց տան, պատվաստում անեն։ Թե չէ, ինչու՞ համար այսքան գումար ծախսեցինք։ Մեզ ասացին՝ շենքը կառուցեք, հաստիքը կլինի, արդեն երկրորդ տարին է, բայց մինչև հիմա աշխատող չկա։ Դիմում եմ գրել քաղաքապետարան և Ախալցիխե գլխավոր բժշկին, սակայն դեռ փոփոխություն չկա», – հավելում է Տոնոյանը։
Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա Ախալքալաքի շրջանին հատկացվել է 922 000 լարի, որից 14 000 լարին՝ Ալաթումանին, որն էլ գյուղի բնակիչներով որոշել են ծախսել գյուղում փոքր մարզադաշտ կառուցելու համար։
Հարկ է նշել, որ «Օգնություն գյուղին ծրագրի» շրջանակներում հատկացված գումարը չի թույլատրվում ծախսել դպրոցում աշխատանքներ իրականացնելու, գազատարի անցկացման և պետական նշանակության ճանապարհների վերանորոգման համար:
Գայանե Ակոջյան