2020 թվականին Վրաստան է ժամանել 1 759 308 օտարերկրյա այցելու, ինչը 81,3%-ով պակաս է, քան 2019 թ.-ին, երբ զբոսաշրջիկների թիվը հասել էր 10 միլիոնի: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ չնայած կորոնավիրուսի համավարակին, հարևան երկրների քաղաքացիները միևնույն է ժամանում էին երկիր, առավել հաճախ դրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի բնակիչներ էին:
Ցամաքային ճանապարհով Վրաստան է մուտք գործել 1 219 840 մարդ, իսկ օդային ճանապարհով երկիր է ժամանել միայն 269 535 մարդ:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս շարունակ Վրաստանի օդային սահմանը փակվել էր, իսկ մի քանի ուղղություններով (Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա) աշխատանքի վերսկսումից հետո տոմսերի արժեքը չափազանց բարձր էր: Եվրամիությունից այցելուների թիվը 2020 թ.-ին նվազել էր 85.4%-ով՝ կազմելով ընդամենը 70 738:
Հարկ է նշել, որ այս տվյալները ներառում են նաև այն քաղաքացիներին, ովքեր Վրաստան են ժամանել գործնական այցերի շրջանակներում, ինչպես նաև բեռնատարների վարորդներին, ովքեր օգտվել են տարանցումից: Միևնույն ժամանակ, ավելի քան կես միլիոն մարդ երկիր է այցելել ոչ տուրիստական նպատակներով, նրանց այցը տևել է ոչ ավելի, քան 1 օր:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո, 2020 թ.-ի մարտին, Վրաստանը դադարեցրեց կանոնավոր օդային հաղորդակցությունը, որը մինչ օրս ամբողջությամբ չի վերականգնվել: