Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ օրերս անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում։
Նրա խոսքով, «մեծ է հավանականությունը, որ նրանք են ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում»:
«Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ եւ ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին եւ վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- նշել է Բեգլարյանը։