Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի խոսքով՝ հարկային ծառայություն է ներկայացվել փոխհատուցման ավելի քան 14 300 հայտադիմում:
Համակարգող խորհրդի նիստից հետո Իվանե Մաճավարիանին հայտարարել է, որ տվյալներն արդեն փոխանցվել են Առողջապահության նախարարություն, և առաջիկայում կսկսվի փոխհատուցումների տրամադրումը:
«Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այս գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիներն առավելագույնս օգտագործեն այս ժամանակը, հնարավոր կլինի հստակեցնել տվյալները մինչև դեկտեմբերի 28-ը: Ես բոլորին կոչ եմ անում հնարավորինս արագորեն և օպերատիվ տեղեկատվությունը տրամադրել հարկային ծառայությանը», – հայտարարել է Մաճավարիանին:
Հիշեցնենք, որ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 3-ից սկսվել է 300 լարիի չափով փոխհատուցման էլեկտրոնային հայտերի ընդունումը, որը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ: Նպատակային սոցիալական օգնության իրավունք ունեն նրանք, ում գործունեության իրավունքը դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 28-ից կիրառված սահմանափակումների պատճառով: