Այսօր Երեւանի Ազատության հրապարակում կայացել է հանրահավաք, որի ընթացքում ընդդիմության ձեւավորած «Հայրենիքի փրկության խորհրդի» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր ծրագիրը: 16 ընդդիմադիր կուսակցություններ պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրանք վակարկում են՝ Առանց Նիկոլի Հայաստան, Նիկոլ, հեռացիր…:
Հայաստանի ընդդիմադիր ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել գործողությունների ծրագիրը։
«Հատկանշական է, որ այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ հավաքվեց և երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտագությունը և վերամիավորում Հայաստանի հետ։ Այդ խնդիրներից մի զգալի մասը կատարվեց։ Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց մենք այդ պետությունը կառուցեցինք»,- նշել է Վազգեն Մանուկյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էր ամենահզորը տարածաշրջանում․ «Նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգված, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան, և ոչ մի դիմադրություն չեն ստանում պետական մարմիններից։ Կա այսպիսի խոսք․ «Եթե խնդիր ես լուծում ու անհաջողության ես հասնում, ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները։ Խնդիրը տրված է, և այդ խնդիրը պետք է լուծել»»։
Ըստ նրա՝ Հայաստանը կորցրել է իր բոլոր դաշնակիցներին։ Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց է Հայաստանի հանդեպ վստահությունը, Չինաստանը երեսն է շուռ տվել, Իրանը չի վստահում։ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմի։
«Մենք կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել այն՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաաժարական տա, այդքան լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհաղթի։ Այս շարժումն այն ճանապահն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում»։
16 ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն ներկայացրել է ձևավորվող ժամանակավոր կառավարության խնդիրները։
«Առաջինն այն է, որ եռակողմ համաձայնագրի հետ երբեք չենք հաշտվի, բայց մենք չենք կարող այն փոխել։ Հրաժարվել դրանից՝ կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի դեմ։ Այդ պայմանագրի անորոշությունները նոր կառավարությունը պետք է կարողանա դարձնել հօգուտ Հայաստանի»,- ասել է Վազգեն Մանուկյանը։
Երկրորդ կարևոր հարցը, ըստ Մանուկյանի, անվտանգությունն է։ Պետք է վերականգնել բանակը, այն դարձնել ժամանակակից, բարձրացնել մարտունակությունը։
Վերջինս անդրադարձ է կատարել նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Եթե դու Ռուսաստանի հետ կապված չես, մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ընդհանուր շահ։ Աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները։ Եթե ստեղծվի դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,- հայտնել է Մանուկյանը։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ երրորդ հարցն անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհված զինծառայողների ընտանիքներին և փախստականներին աջակցության ցուցաբերումն է։ Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի բնակիչները կարողանան վերադառնալ։
«Հաջորդ հարցը Հայաստանի մթնոլորտի առողջացումն է։ Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը»,- նշել է նա։
Այնուհետև, «Նիկոլ դավաճան» վանկարկումներով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարական առանձնատուն։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։