ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր գիշերը մահացել է։ Տևական ժամանակ էր՝ Գրիգորյանն առողջական խնդիրներ ուներ, իսկ օրեր առաջ պարզ էր դարձել, որ վիճակը ծայրահեղ ծանր է։
Մանվել Գրիգորյանը 64 տարեկան էր։ Եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012-2018)։ 2018 թ. Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: