Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվում է քննարկել կրկնակի խորհրդարանական ընտրությունների կամ որևէ այլ նմանատիպ հարցի հնարավորությունը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Վրացական երազանքը» որոշել է լրացուցիչ մեկնաբանություն տալ ընդդիմության հետ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել այսօր Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Միևնույն ժամանակ, Կալաձեի ճեպազրույցը համընկել է ընդդիմության լայնամասշտաբ բողոքի ցույցի հետ, որը անցկացվել է Վրաստանի խորհրդարանի մոտ` նոր ընտրությունների պահանջով:
««Վրացական երազանքը» կասկածի տակ չի դնում վրաց ժողովրդի կամքը՝ ազատ ընտրությունների, և չի քննարկում կրկնակի ընտրություններ անցկացնելու կամ նմանատիպ այլ հարցեր», – հայտարարել է Կալաձեն:
Միաժամանակ նա հայտնել է, որ ընդդիմությունը մերժել է իշխող կուսակցության առաջարկը՝ կապված ձայների վերահաշվարկի հետ: Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, կողմերը պայմանավորվել են հրապարակավ չխոսել նման մանրամասների մասին, բայց ընդդիմախոսներն առաջինն են խախտել այս դրույթը:
«Որպեսզի տեղեկատվությունը միակողմանի չլինի, մենք հաստատում ենք, որ նրանք հրաժարվել են վերահաշվարկի երկու ձևերից. քվեաթերթիկների վերահաշվարկ և տեսանյութերի դիտում, որոնք բացառում են կարուսելների «շահարկումները»», – ասել է նա:
«Վրացական երազանքում» կարծում են, որ իրենց նախաձեռնության մերժումը ցույց է տալիս, որ ընդդիմությունը «շահագրգռված չէ ճշմարտությունը պարզել»:
«Նրանք նախընտրում են սակարկել իրենց սեփական մոդելավորած, հորինված ընտրակեղծիքների համար: Չնայած դրան, մենք հուսով ենք, որ նրանց արմատական և չարդարացված դիրքորոշումը կփոխվի, և երկխոսությունը կավարտվի երկրի համար կոնկրետ և դրական արդյունքով», – հայտնել է Կալաձեն:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցկացվել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական: 150 մանդատի համար պայքարում էին 48 կուսակցություն և երկու դաշինք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48,22%-ը: Երկրորդ տեղում միավորված ընդդիմությունն է, որն ընդգրկում է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ ձայների 27,18%: «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները հաղթել են 13 մեծամասնական ընտրատարածքներում:
Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների օրինականությունը՝ պնդելով զանգվածային խախտումների ու արդյունքների կեղծման մասին: 10-րդ գումարման խորհրդրարանում են հայտնվել ընդդիմադիր ութ կուսակցություն, որոնք հրաժարվում են իրենց մանդատներից: Բացի այդ, ընդդիմությունը որոշել է բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը: