Եկեք շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի ոչ մի մարդու ձայն չկորի՝ ոչ ձեր, ոչ էլ մեր ընտրողի: Այսպես է դիմել ընդդիմությանը Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Կալաձեն իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հրապարակել, որում նա ընդդիմությանը հրավիրում է միջազգային գործընկերների հետ միասին նստել բանակցային սեղանի շուրջ: Նա նշում է, որ Վրաստանը «երիտասարդ ժողովրդավարություն» է, և երկրում ընտրական գործընթացը միայն «կատարելագործվում է»:
«Մեր կառավարության պայմաններում անցկացված ընտրությունները կարող են ունենալ տեխնիկական սխալմունքներ, որոնք լինում են ցանկացած ընտրությունների ժամանակ: Դրանք ուղղելու նպատակով մենք հասարակության հետ միասին, մեր միջազգային գործընկերների հետ միասին աշխատում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ:
Դրա վառ ապացույցն են հանդիսանում 2020 թ.-ի խորհրդարանական ընտրությունները և դրան հաջորդած գործընթացը՝ բողոքների քննարկումը, ընդդիմության և հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ ընտրատեղամասերի վերահաշվարկը, նրանց հիմնավորված հայցադիմումների հաշվառումը և այլն:
Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր կուսակցություններին և քաղաքական սուբյեկտներին, որոնք մասնակցել են ընտրություններին: Եթե մենք իսկապես ցանկանում ենք կոնկրետ արդյունքներ մեր երկրի և մեր ընտրողների համար, ապա փողոցի և ավերածությունների փոխարեն, որոնք ոչ մեկին օգուտ չեն բերելու, գործընթացը վերադարձնել բանակցությունների ձևաչափին և դրանում ներառել մեր միջազգային գործընկերներին:
Խոսքի ազատության արտահայտչական ձևերից մեկը չպետք է ստվերի տակ առնի մյուսը և զոհաբերի դրանով: Մեր բնակչությունն ամրագրել է իր ընտրությունը, և հետևաբար, եկեք շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի չկորցնենք ոչ մի մարդու, ոչ ձեր, ոչ էլ մեր ընտրողի ձայները:
Երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև՝ ներքին, տարածաշրջանային և միջազգային:
Ընտրություններում ժողովրդի ակտիվությունն, առաջին հերթին, ընդհանուր ուղերձ է հանդիսանում իշխանությունների և ընդդիմության համար, որպեսզի մենք միասին աշխատենք՝ կառուցողական և համախմբված՝ հանուն երկրի բարօրության:
Բանակցություններ, քաղաքական կոնսենսուս, աշխատանքային մթնոլորտ. Ահա թե ինչ է ակնկալում մեզնից Վրաստանն ու վրաց ժողովուրդը», – ասվում է Կալաձեի ուղերձում:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Ըստ ԿԸՀ-ի կողմից հայտարարված պաշտոնական նախնական արդյունքների, խորհրդարան են մտնում 9-ը քաղաքական կուսակցություն, որոնցից ութը ընդդիմադիր են: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ըստ ԿԸՀ-ի, ստացել է ձայների 48%-ը և առնվազն մեկ մեծամասնական մանդատ ստանալուց հետո, այն խորհրդարանում կունենա մեծամասնություն: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեին հաղթել ընտրություններում և կազմել կոալիցիոն բազմակուսակցական կառավարություն, որը, նրանց կարծիքով, առաջ դրված քայլ կլիներ երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցությունը ընտրությունները կեղծելու արդյունքում ստացել է ձայների մոտ 8%-ը և մատնանշում է քվեարկության և հաշվարկի գործընթացում բազմաթիվ խախտումներ:
ԿԸՀ-ն ընդունում է խախտումները, բայց ոչ այն մասշտաբով, որը կարող է էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ի պատասխան դրան՝ ընդդիմությունը պատրաստվում է դատական հայցեր՝ պահանջելով կրկին անցկացնել ընտրությունները և ԿԸՀ-ի նախագահի հրաժարականը: Բացի այդ, ընդդիմադիր բոլոր ութ կուսակցությունները հրաժարվում են աշխատել 10-րդ գումարման խորհրդարանում: Այսպիսով, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պատմության մեջ առաջին անգամ Վրաստանում կգործի միակուսակցական խորհրդարան:
Իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է ընտրությունների կեղծումը և հայտարարում, որ միջազգային դիտորդական առաքելությունները հաստատել են, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային միջավայրում՝ քաղաքացիական հիմնական ազատությունների պահպանմամբ: