Երկուշաբթի օրվանից, նոյեմբերի 9-ից՝ Վրաստանի խոշոր քաղաքներում երեկոյան ժամերին սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը, – այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտաշվիլին:
Մասնավորապես՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում, ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 5:00-ն կարգելվի մարդկանց տեղաշարժը:
Տեղաշարժի սահմանափակումը տարածվում է, ոչ միայն հետիոտնի, այլև հասարակական տրանսպորտով և սեփական մեքենաներով երթևեկող անձանց վրա:
«Սահմանափակումները չեն տարածվի միայն միջազգային ուղևորափոխադրումներին, իհարկե, որը կհամաձայնեցվի օպերատիվ շտաբի հետ, ինչպես նաև նրանց, ովքեր տեղափոխում են ռազմավարական կարևոր նշանակության՝ բժշկական, դեղագործական և լրատվական կառույցներում աշխատողներին և առաքման ծառայություններ իրականցնողներին»,- հավելել է Ցքիտաշվիլին: