«Նոյեմբերի 4-ից 25-ը խոշոր քաղաքներում ուսումնակրթական գործընթացը կանցնի հեռավար ձևաչափին», – այսօր հայտնել է կրթության փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն:
«Ուսումնական գործընթացը վերսկսելու ժամանակացույցը փոփոխվում է: Նոյեմբերի 4-ից 25-ը այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Թբիլիսին, Քութայիսին, Ռուսթավին, Բաթումին, դասապրոցեսը կանցնի հեռավար ձևաչափին: Թելավիում, Զուգդիդիում, Զեստափոնիում, Գորիում, Փոթիում, Մառնեուլիում և Գարդաբանիում ուսումնական գործընթացը նույնպես կտեղափոխվի հեռավար դասառեժիմի», – նշել է Դգեբուաձեն:
Հոկտեմբերի 1-ից Թբիլիսիի, Ռուսթավիի, Զուգդիդիի և Քութայիսիի դպրոցները մասամբ վերսկսել էին դասապրոցեսը ստացիոնար ձևաչափով՝ I-VI դասարանի աշակերտները վերադարձել էին դասասենյակներ: Հեռավար ուսուցումը շարունակվում էին միայն VII-XII դասարաններում:
Մինչև հոկտեմբերի 16-ը, COVID-19-ի դեպքերի բացահայտման շնորհիվ, չորս քաղաքներում 20 դպրոց անցել էին հեռավար ուսուցման: Եվս 55 դպրոց առանձին դասարանների տեղափոխել էին հեռավար ուսուցում:
Սեպտեմբերից Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Եթե համաճարակի առաջին ալիքի ժամանակ վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 1500 էր, ապա հիմա երկրում օրական հաստատվում է մինչև երկու հազար նոր դեպք:
Համաճարակաբանների կանխատեսումներով այս տենդենցը կշարունակվի, և դեպքերը կավելանան:
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1943 նոր դեպք, բուժվել է 1833 մարդ, մահացել՝ 20 վարակակիր:
Լաբորատոր պայմաններում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը փետրվարի 26-ից առ այսօր կազմում է 44 522, որից բուժվել են 28 633-ը, իսկ մահացել՝ 362-ը: