Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները վերսկսվել են սեպտեմբերի 27-ից: Առաջնագծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը սկսել է լայնածավալ գրոհներ՝ Ստեփանակերտում և Ղարաբաղի այլ բնակավայրերում թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ: Չնայած հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարին, ռազմական գործողությունները շարունակվում են: Հակամարտության մասին տվյալներին մանրամասն ծանոթացեք JNEWS-ի նյութում:
Իրավիճակն այսօրվա դրությամբ
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Վերջինիս խոսքով, հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
«Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար», – ֆեյսբուքում գրել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը:
Պողոսյանը, հղում կատարելով Ղարաբաղի արտակարգ իրավիճակների ծառայությանը, հաղորդել է նաեւ, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում:
«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։
Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան»,- նշել է Վահրամ Պողոսյանը:
Ադրբեջանական կողմն իր հերթին հայտնում է Հայաստանի ԶՈՒ-ի կողմից կրակ բացելու մասին, մասնավորապես՝ Տերտերի ու Աղջաբեդի շրջանների բնակավայրերի ուղղությամբ, ինչը հայկական կողմը հիմնովին հերքում է:
Արգելված զինամթերքի կիրառում
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
Չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։
Պատերազմական կորուստներ
ԱՀ ՊԲ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Այսպիսով, հաշվի առնելով ավելի վաղ հրապարակված տվյալները՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս, հայկական կողմն արդեն հայտնել է 532 զինծառայողի մահվան մասին:
Ադրբեջանը չի հրապարակում իր ռազմական կորուստների մասին տվյալները՝ պատճառաբանելով, որ այս պահին դա «ռազմական գաղտնիք է»:
Քաղաքացիական կորուստները
Հոկտեմբերի 12-ի դրությամբ, Ադրբեջանի կողմից հասցված հարվածների հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 31 զոհ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է, որ վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է վիրավորում ստացած 3 քաղաքացի: Նաև նշել է, որ 3 հոգու մահվան մասին էլ հայտնի է դարձել այսօր:
Ադրբեջանական կողմը իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում ունի 41 քաղաքացիական զոհ, 205 վիրավոր:
Միջազգային հանրություն
Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Այդ մասին տեղեկացնում է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Երեկ Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր։
Պաշտոնական Փարիզը դատապարտում է հրադադարի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում: Ֆրանսիա արտգործնախարարության խոսնակի ասուլիսում հարց է հնչել` արդյո՞ք հայտնի է, թե հակամարտող կողմերից ո՞րն է առաջինը խախտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք դատապարտում ենք բռնությունների շարունակումը, որ կողմից էլ որ դա լինի, և կոչ ենք անում վերջ դնել դրան», – հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարաևության խոսնակը:
Երեկ էլ Գերմանիայի կանցլերն էր զանգահարել Հայաստանի վարչապետին: Ըստ դաշնային կառավարության, Անգելա Մերկելը ևս ընդգծել է, որ բոլոր կողմերը պարտավոր են պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունները:
Նիկոլ Փաշինյանը, ըստ Հայաստանի կառավարության, կանցլերին ներկայացրել է տեղում ստեղծված իրավիճակն ու ընդգծել Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:
Ադրբեջանի առաջնորդի և Գերմանիայի կանցլերի միջև շփումների մասին չի հաղորդվում:
Հրադադարը պահպանելու հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Թեհրանը։ Ավելին, Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե պատրաստ է աջակցել երկու հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը:
Հարևան պետությունների և Արևմուտքի` հավասարապես երկու կողմին ուղղված այս կոչերի շարքում առայժմ միայն Թուրքիան է, որ շարունակում է աջակցել միայն մեկ կողմին` Ադրբեջանին։
«Բաքուն չի կարող ևս երեսուն տարի սպասել արդարության», – այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Անկարայի ներկայացուցիչը կրկին Հայաստանի վրա է դրել լարվածության ու հրադադարի խախտման ողջ պատասխանատվությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ամենաբարձր մակարդակով հորդորել էին երրորդ կողմերին չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը և չձեռնարկել քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը: