Հունվարի 26-ին «Նինոծմինդա» սահմանային անցակետում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, մագիստրանտ, Վրաստանի քաղաքացի Սոնա Տոնականյանին թույլ չտվել նկարահանման սեփական տեխնիկան անցկացնել Վրաստան: Պատճառը միանշանակ չէ:
Հունվարի 26-ին, առավոտյան ժամը 11:20-ին ռեժիսոր Սոնա Տոնականյանը մուտք էր գործում Վրաստան, իր հետ բերելով տեսախցիկ, հնչյունային տեխնիկա և եռոտանի: «Նինոծմինդա» անցակետի աշխատակիցները, ճշտելով, որ նա ուսանողական աշխատանք է նկարելու, խնդրել են սպասել 10-15 րոպե, մինչև գրանցեն տեխնիկան:
«Սակայն անցավ մոտ 1 ժամ և աշխատակիցներից մեկը մոտեցավ, ճշտեց աշխատանքի սյուժեն և ամենամանրամասն կոնտակտներ իմ անձի վերաբերյալ, այնուհետև ևս 1 ժամ անհետացավ ու բոլոր իմ հարցերին, թե ինչքան պետք է սպասեմ և ինչին որոշակի ոչ մի պատասխան չեմ ստացել, բոլորը միաձայն պատասխանում էին, որ սպասում են զանգի», – պատմում է Սոնա Տոնականյանը:
Ռեժիսորը փորձել է ճշտել, թե ի՞նչն է անօրինական, ի՞նչ օրենք է խախտում, սակայն որևէ կոնկրետ պատասխան չի ստացել:
«16:40-ին մաքսային աշխատողները մոտեցան ու ներկայացրեցին, որ ես պետք է գրավոր թույլտվություն ներկայացնեմ Վրաստանի տարածքում նկարահանման իրավունք ունենալու համար, բացատրեցի, որ չեմ պատկանում որևէ կազմակերպության և իմ գործունեությունը հեղինակային է, միևնույնն է, անձնագիրս պահել էին իրենց մոտ», – ասաց Սոնան:
Արդյունքում ռեժիսորը հետ է տարել տեխնիկան հայկական սահման և թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է տուն, այսինքն՝ եկել է Վրաստան:
Հունվարի 26-ին Սոնա Տոնականյանից ստացած հեռախոսային զանգից հետո Jnews.ge-ն փորձեց ճշտել փաստի վերաբերյալ մանրամասներ. թե ի՞նչ պատճառներով չի կարելի Վրաստան բերել նկարահանման տեխնիկա և ի՞նչ թույլտվություն է պետք: Ճշտելու գործընթացը տևեց երկու օր: Սկզբից դիմեցինք Սահմանային ոստիկանություն, որտեղ ամբողջ օրվա ընթացքում մի համարից ուղարկում էին մի ուրիշ համարի, հաճախ չգործող: Վերջիվերջո մեզ ուղարկեցին «պատասխանատուի» մոտ, ով մինչև աշխատանքային օրվա վերջ չէր պատասխանում:
Այսօր, հունվարի 27-ին շարունակեցինք պատասխանի որոնումները հեռախոսով: Սահմանային ոստիկանությունից ուղարկեցին Պարեկային ոստիկանություն, մի քանի բաժանմունքներ անցնելուց հետո, հասանք Ֆինանսների նախարարության մաքսային ծառայություն:
Այստեղ ստացանք մեր հարցի պատասխանը, որը ոչ մի ընդհանուր բան չուներ Սոնայի ստացած պատասխանի հետ: Այստեղ խնդիրը բացատրեցին զուտ տնտեսական տեսակետից, ասելով, որ թանկարժեք ապրանք անցկացնելու դեպքում կամ պետք է մաքսազերծել, կամ պետք է լինի հավաստարմագիր համալսարանի կողմից, որը կվկայի, որ տեխնիկան մտցվում է Վրաստան նկարահանման աշխատանք իրականացնելու համար և, որ նորից հետ է տարվելու Հայաստան:
Հիմա Սոնա Տոնականյանը երկմտում է, թե ինչ անի. գնա թույլտվություն վերցնի Վրաստանում նկարահանման համար, սակայն չգիտի ումից է վերցնելու, թե հավաստարմագիր վերցնի համալսարանից: