Հուլիսի 29-ի դրությամբ, Վրաստանի կուտակային կենսաթոշակային համակարգին միացել է 1 042 084 քաղաքացի: Այս մասին հայտնում է Կենսաթոշակային գործակալությունը:

Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործարկվել է 2019 թվականի հունվարի 1-ից:

Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային սխեմային մասնակցում է 448 601 կին, որոնցից 260 298-ը 40 տարեկանից ցածր են, իսկ 40 տարեկանից ցածր տղամարդկանց թիվը՝ 337 705 է:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սխեմայի մասնակիցների թիվը օրեցօր աճում է, և մեկ ամսվա ընթացքում այն կազմում է ավելի քան 9 հազար քաղաքացի:

Կենսաթոշակային նոր համակարգը մասամբ պարտադիր է: Այն ուժի մեջ է միայն այն մարդկանց համար, ովքեր դեռ 40 տարեկան չկան, մնացածներն ընտրության իրավունք ունեն: Հունիսի վերջին կուտակային կենսաթոշակային համակարգը լքողների թիվը կազմել է գրանցվածների ընդհանուր թվի մոտ 10%-ը:

Ըստ մշակված սխեմայի, տարեկան 24 հազար լարիից պակաս անվանական եկամուտի (գրեթե 8 հազար դոլար) դեպքում, քաղաքացու կենսաթոշակային հաշվին կփոխանցվի նրա աշխատավարձի գումարի 6%-ը՝ 2%-ը նա ինքը կվճարի, 2%-ը` նրա գործատուն և ևս 2%-ը` պետությունը: Տարեկան 24 հազարից 60 հազար լարիի (20 հազար դոլար) աշխատավարձի դեպքում պետությունը կփոխանցի ընդամենը 1%:

Կուտակված գումարները կենսաթոշակառուներին կվերադարձվեն տոկոսով` տարեկան միջին հաշվով 7%: Վերջին տեղեկությունների համաձայն՝ թոշակառուների հաշիվներին արդեն փոխանցվել է մոտ 17,3 միլիոն լարի (5,7 միլիոն դոլար):

Մինչև վերադարձի պահը պետությունը կներդնի այդ գումարը տարբեր նախագծերում և արժեթղթերում՝ Ազգային բանկի վերահսկողության ներքո: Այս գործընթացն իրականացվում է Կենսաթոշակային գործակալության ներքո գործող ներդրումային ծառայության կողմից:

2020 թվականի մարտին Գործակալությունը կենսաթոշակային խնայողությունների առաջին ներդրումն իրականացրել է 560 միլիոն լարի (մոտ 187 միլիոն դոլար)՝ ներդրումներ կատարելով Վրաստանում բարձր վարկանիշ ունեցող կոմերցիոն բանկերի ավանդային վկայագրերում: