Սամսարի մոռացված քարանձավները Ջավախքում բացառիկ են իրենց գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ: Պատմություններն այս ստորգետնյա աշխարհի մասին բազմաթիվ են: Ի՞նչ են պատմում գյուղացիները, ինչու՞ է այն այդքան գրավում, և, միևնույն ժամանակ վախեցնում մարդկանց:

qarandzav samasar]

Փոքր Սամսար գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերից է։ Այն գտնվում է շրջկենտրոնից 18 կմ հյուսիս-արևելք:

Հեռավորությունը Սամսարի բնակիչներին ավելի է մոտիկացնում բնությանը: Գեղատեսիլ տեսարան է բացվում գյուղ տանող ճանապարհին, տարբեր տեսակի ծառեր, ծաղիկներ, Սամսարի անտառներում ու սարերում մշտական բնակվող զեփյուռ և այդ բնական գեղեցկության մեջ թաքնված եկեղեցիներ ու քարանձավներ:

1829-1830-ական թվականներին Կարնո նահանգից Ախալքալաք գաղթած հայերի մի մասը 1836 թվականին հիմնում է Էխտիլա Սամսար (Փոքր Սամսար) գյուղը։ Սկզբնական շրջանում Էխտիլայում բնակություն հաստատած սամսարցիները տեղափոխվել են ներկայիս Փոքր Սամսար, քանի որ ունեցել են կենցաղային խնդիրներ մյուս գյուղացիների հետ։

«Մենք շատ հավատով ենք եղել և ոչ մի եկեղեցական ծիսակարգ բաց չենք թողել։ Այդպիսի արարողություններից մեկի ժամանակ Էխտիլայի բնակիչներն աղմկել են, և այդտեղից զայրանալով Փոքր Սամսարցիներս առանձնացել ենք», – պատմում է գյուղի բնակիչներից մեկը:

Փոքր Սամսարը շրջանի մյուս գյուղերից առանձնանում է իր գեղեցիկ, խորհրդավոր և որոշ չափով վտանգավոր քարանձավներով։

Քարանաձավներից մեկը սրբատեղի է հիշեցնում, քարերի խորքում կան փոքր խաչքարեր, սրբապատկերներ և ռուսերեն լեզվով «Աստվածաշունչ»։ Տեղացիները քարանձավի այդ հատվածն անվանում են «Ռուսի ժամ» և այցելուներին վստահեցնում, որ այն 11-րդ դարի բյուզանդական կառույց է:

«Մենք հավատում ենք Աստծուն, գնում ենք այդտեղ աղոթում, մոմ ենք վառում, մատաղ անում, մեզ համար տարբերություն չկա։ Այդ վայրը և այդ գրությունները դեռ կարող են ուսումնասիրվել հնեաբանների կողմից։ Ինձ թվում է այդ գրությունները այնքան հայկական չեն, այդքան էլ վրացական չեն», – ասում է Սամսար գյուղից Յուրա Ավագյանը։

khachqar

Քարանձավի պատերին նշմարվում են գրություններ, փորագրած խաչքարեր և այլն: Գրությունների կեսն արդեն ժայռից պոկվել և թափվել է ներքև, սակայն որոշ մասը դեռ պահպանվում է:

Այն հատվածը, որը տեղացիները «Ռուսի ժամ» են ասում, ժամանակին ռուսական կայազորն է կանգնած եղել:

Գյուղացիների պատմություններից կարելի է ենթադրել, որ քարանձավը հիմնականում ծառայել է, որպես պաշտպանվելու, պատսպարվելու վայր։

«1918 թվականին, երբ թուրքերը հարձակվել են մեզ վրա, երեք երիտասարդ քարանձավի երկրոդ հարկում, շարժվող քարի հետևում թաքնվել են, թուքերը կրակել են նրանց ուղղությամբ` թնդանոթներով և այլ զենքերով, սակայն նրանց ոչինչ չի եղել», – պատմում է Յուրա Ավագյանը։

Գյուղացիներն ասում են, որ տարիներ առաջ ինչ որ վրացի կուսակրոններ են գնացել գյուղ և փորձել աղավաղել եկեղեցու գրերը։

grutyunner

«Եկել էին հավատացյալները, ուզում էին գրությունները փոխել, բայց գյուղի կանայք գնացին և արգելեցին, որ ինչ որ բան փոխեն։ Սակայն ժայռից պոկված քարի գրությունը փոխել են, որը ներքևում է գտնվում, հետո ուզում էին վերևի գրություններն էլ փոխել չթողեցինք»,- նշում է Փոքր Սամսարի բնակիչներից մեկը։

Գյուղացիները վստահեցնում են, որ այդ քարանձավներից 1800-ականներին վայրի մարդ են բռնել, երբ, որ սամսարցիք նոր են եկած եղել, այդ մարդուն կապկպել են և սայլով տարել մինչև Բուղաշեն: Սակայն վայրի մարդը կտրել է պարաններն ու փախել։

Քարանձավի ներքին արահետները դեռ կան, բայց մեծ մասն արդեն քարեր են լցվել և փակվել, ուստի գյուղացիները խորհուրդ չեն տալիս մտնել այդ արահետները:

qarandzav

Սամսարի քարանձավները գրեթե այցելուներ չունեն, զբոսաշրջիկներին այդքան էլ հայտնի չէ այս վայրը, սակայն Ախալքալաքի գրեթե բոլոր գյուղերում գիտեն այս խորհրդավոր վայրի մասին:

Գայանե Ակոջյան