Եթե նախկինում Հայաստան մուտք գործելիս բոլոր մարդիկ կարող էին հանձնել ՊՇՌ թեստը սահմանին, կամ օդանավակայանում, ապա հիմա, կառավարության փոփոխություններին համաձայն դա կարող են անել միայն Հայաստանի Քաղաքացիները: Այլ քաղաքացիները, ովքեր չեն պատվաստված, պետք է ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ներկայացնեն սահմանին, կամ Հայաստան մտնեն պատվաստման սերտիֆիկատով:

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը:

Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։

Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում, ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:

ՀՀ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված ոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ