Ախալքալաքի շրջանային դատարանը Կիմ Կուղոյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատարանը նրան դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման:
Ախալքալաքի շրջանային դատարանը երեկ՝ հուլիսի 7-ին, մեղավոր է ճանաչել աղմկահարույց գործով մեղադրյալ Կիմ Կուղոյանին, որին ընթացքին հետևում էր JNEWS-ը:
Կիմ Կուղոյանը դատապարտվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ և 4-րդ կետեր) համաձայն՝ հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: 236-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է 3-6 տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ կետը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում:
Կալանավայրում նա կանցկացնի չորս ու կես տարի: Հաշվի կառնվի նաև այն փաստը, որ նա արդեն 9 ամիս անազատության մեջ է եղել՝ կալանքի տակ գտնվելու ընթացքը: Դատավճռի հայտարարման ժամանակ Կուղոյանը բացակայում էր՝ առանց որևէ հարգելի պատճառի, իսկ ավելի վաղ նա հրաժարվել էր ընդունել դատարան ներկայանալու ծանուցագիրը:
Այսօր Կիմ Կուղոյանի կողմնակիցները ծրագրում են բողոքի ցույց անցկացնել:
Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր 2019 թվականի մայիսի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում՝ Խաս Բախչա այգու մոտակայքից, Հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից: