Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել «Վրաստանի հայրենասերների դաշինքի» ղեկավարության հանդիպումը Նինոծմինդայի և Ախալքալաքի ակտիվիստների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, «Գոլդ» սրճարանի բակում: Ջավախքի ակտիվիստների հետ հանդիպելու էին եկել «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության նախագահ Դավիթ Թարխան Մոուրավին, կուսակցության գլխավոր քարտուղար, Վրաստանի խորհրդարանական քարտուղարի տեղակալ Իրմա Ինաշվիլին, խորհրդարանում «Հայրենասեր դաշինք» կուսակցության ղեկավար Գիորգի Լոմիան և կուսակցության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխան ձևաչափով: Ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի շուրջ 150 կուսակցական ակտիվիստներ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ողջունեց հյուրերին և հարց հղեց Ջավախքի ճանապարհներին վերաբերող, մասնավորապես Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի, որը, ըստ նրա, 2016 թվականից խոստանում են կառուցել, բայց չեն կառուցում:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հոգ տանի երկրի հեղինակության մասին: Ախալքալաքի շատ քաղաքական գործիչներ պետության անունից խոստումներ են տալիս բնակչությանը, և երբ այդ խոստումները չեն կատարվում, պետության հեղինակությունն ընկնում է, և բոլորը սկսում են բողոքել պետության դեմ, բայց մենք դա չենք ուզում », – ասել է Սամվել Պետրոսյանը:

Դավիթ Մոուրավին պատասխանել է, որ եթե նրանք իշխանության գան, ապա ճանապարհը կկառուցեն:

«Երկար ժամանակ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որ բոլորը բոլորին ինչ-որ բան են խոստանում պետության անունից, հետո ոչինչ չեն անում փոխելու համար, և դա փոխելու համար պետք է իշխանության գալ: Ճանապարհը բարդ գործ չէ, բայց այն կառուցելու համար բավարար չէ, որ Սամվելը (նկատի ունի Սամվել Պետրոսյանին) պատգամավոր դառնա, ճանապարհը կառուցելու համար հարկավոր է հաղթել ընտրություններում: Այդ ժամանակ էլ ճանապարհը կլինի », – ասել է Դավիթ Մոուրավին:

Կուսակցության ակտիվիստ Սիմոն Մանանյանը խոսել է COVID-19-ի համավարակի պատճառով վարկերի վճարումների հետաձգված տոկոսների և գյուղատնտեսական նպաստների հետ կապված հարցերի մասին որոնք պետությունը հատկացրել է գյուղացիներին, բայց շատերը չեն կարող օգտվել դրանցից, և խնդրել է բարձրացնել այդ խնդիրները խորհրդարանի առջև:

Կուսակցության նախագահը, պատասխանելով այս հարցին, ասել է հետևյալը. «Մենք կարող ենք բարձրացնել այդ հարցը, բայց ի սկզբանե նրանք չէին ասել, որ հետաձգումը կլինի առանց տոկոսների, միայն խոսել էին հետաձգման մասին: Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, բանկերը մասնավոր կազմակերպություններ են », – ասել է Դավիթ Մոուրավին:

Դադեշ գյուղից մի ակտիվիստ դժգոհել է, որ իրենց խոստացել են բնական գազ անցկացնել Դադեշ գյուղում, բայց դա դեռ չի արվել:

Ներկաները նաև բարձրացրել են Ախալքալաքի Սակրեբուլոյի ընտրությունները կեղծելու հարցը, ինչպես նաև շոշափել այլ հարցեր:

alyans2