Հին օդաներ կարելի է տեսնել Ախալքալաքի գրեթե յուրաքանչյուր գյուղում: Դրանցից որոշները պահպանվել են, իսկ որոշներն էլ ծառայում են որպես գոմ, մի քանիսից էլ մնացել են միայն ավերակները, բայց նույնիսկ այդ վիճակում նրանք պատմում են իրենց պատմությունը:

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում, հին գերեզմանատան մոտակայքում կենտրոնացված է գյուղի ամենահին մասը՝ գերեզմանատունը, հին եկեղեցու ավերակները և օդայով տունը: Ընդհանուր առմամբ, սա քարե կառույց է՝ հողե ծածկով: Այստեղ երկար ժամանակ է արդեն ոչ ոք չի ապրում:

oda 1

Մերկ քարե պատերը, տանիքը պահող գերանները թույլ չեն տալիս տունն ամբողջությամբ փլուզվի, ահա թե ինչ է մնացել երբեմնի մարդկանցով լի կացարանից:

Երբ բացում ես փայտե դուռը, զգում ես, որ ժամանակն այստեղ կանգ է առել: Պահպանվել է թոնրատան և բակի տարածքի մի մասը:

Մութ սենյակը լուսավորվում է, երբ աչքերդ ընտելանում են մթությանը, և դու նկատում ես, որ առաստաղի վրա կան մի քանի անցք, որտեղից լույս է ընկնում: Արևի ճառագայթները շարժվում են ոտքերիդ տակ՝ երկնքում արևի շարժման հետ զուգընթաց: Հենց այդ անցքից էր ծուխը բարձրանում, երբ հաց էին թխում: Հողահատակին աճել է կանաչ, բնությունն այստեղ վերցնում է իրեն հասանելիքը:

Մեզ ուղեկցող գյուղացիները ցույց տվեցին, թե ինչը որտեղ է գտնվում: Ահա այստեղ թոնիրն է, որը լցվել է հողով, դրանք առաջ երկուսն էին… Երևակայությունդ սկսում է տեսարաններ պատկերել, և թվում է, որ նոր թխած հացի հոտ է գալիս, իսկ այս տան բնակիչների ստվերները դուրս են գալիս փողոց, կարմրաթուշ երեխաները խաղում են խարույկի մոտ և լավաշի մեջ պանիր փաթաթած բրդուճ ուտում: Եվ մի ակնթարթում բոլոր ստվերներն անհետանում են:

Հեռու անկյունում սրբապատկեր է երևում, մոմերի ծխից ամբողջովին սևացած, գյուղացիները դեռևս այստեղ գալիս են մոմ վառելու:

«Մանկությունս այստեղ եմ անցկացրել: Հիշում եմ, սուրբ գիրք կար՝ Աստվածաշունչ: Հարազատներիցս մեկն այն տարավ և այդպես էլ գիրքն անհետացավ», – ասում է գյուղացիներից մեկը:

«Սա իմ պապական տունն է, մորս կողմից: Նրա անունը Պետրոսյան Վարեթ էր: Ավելի ճիշտ՝ նրա հոր անունը: Պապս ծնվել է 1907 թ.-ին: Եթե նա ողջ լիներ, նա կլիներ 113 տարեկան: Օդան նույնիսկ ավելի հին է: Պապս մահացավ Կրասնոդարում, մենք վերադարձանք, բայց նա չցանկացավ: Հիմա այս օդան մեզ համար ծառայում է որպես կարտոֆիլ պահելու տեղ, բայց վերջերս փլուզվել է տան այն մասը, որտեղ գտնվում է օդան: Սա փանջարան է՝ անցքը, որի միջոցով խոսում էին միմյանց հետ: Նախկինում բակում եզներ էին կանգնում, սայլեր, տունը ծաղկում էր», – պատմում է բնակիչներից մեկը:

Ojax

Տան քանդված հատվածում բացօթյա օջախ կա: Հենց այստեղ է եղել օդան` ավանդական, հին կացարանը, որտեղ նրանք քնում էին, ուտում և հյուրեր ընդունում:

peizaj

Ախալքալաքի գյուղերում երբեմն չեն գիտակցում, թե որքան կարևոր է պահպանել հնագույն սենյակները: Պահպանելով օդան՝ մենք պահպանում ենք մեր հիշողությունը, մեր պատմությունը: Այնուամենայնիվ, հարմարության արդիության հետևից վազելով այս պատմությունը կամաց-կամաց վերանում է աշխարհի երեսից:

Քրիստինե Մարաբյան