Ջավախքում տարեցտարի ավելանում է Վրաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների թիվը, ովքեր տիրապետում են վրաց լեզվին, իրենց համարում են ինտեգրված, սակայն ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտնել:

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից Գուրգեն Եզոյանը սովորում է մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Նա «հաջողակներից» մեկն է, ով աշխատանքի է տեղավորվել՝ դեռ չավարտելով ուսումը: Գուրգենն աշխատում է Ախալքալաքում վերջերս բացված Արդարադատության տանը: Ուսման ընթացքում նա Թբիլիսիի Արդարադատության տանն անցել է ստաժավորում, այնուհետև դարձել հաստիքային աշխատակից: Նա ուրախ է, որ աշխատում է իր մասնագիտությամբ, բայց ձգտում է հասնել ավելիին: Գուրգենը վերջնականապես դեռ չի որոշել՝ մնալ հայրենի Ջավախքում, թե մեկնել մեկ այլ քաղաք:

Ազգային փոքրամասնությունների համար 1+4 արտոնյալ ծրագիրը նա համարում է ձեռք բերված հնարավորություն, որը պետք է օգտագործել ռացիոնալ: Նա սովորել է լեզուն և օգտվել տրված յուրաքանչյուր հնարավորությունից՝ մասնագիտական հաջողության հասնելու համար:

«Ինձ համար այս ծրագիրը դարձավ Թբիլիսի մեկնելու և կրթությունս այնտեղ ստանալու հնարավորություն, բայց մնացածը արդեն կախված է մարդուց: Շատերը վերադառնում են, իմ շրջապատում կան այնպիսի մարդիկ, ովքեր ավարտել են թբիլիսյան բուհերը, բայց այժմ չունեն աշխատանք: Մեր խնդիրն այն է, որ մենք սովորում ենք, և լեզուն, և մասնագիտությունը, օրինակ՝ վրացի ուսանողները միայն մասնագիտացվում են», – ասում է Գուրգենը:

Երեք ամիս սովորել է Իտալիայում, բայց դա ոչ մի կերպ կապ չունի «1+4»-ի հետ: Գուրգենը գտնում է, որ եթե մարդ ցանկանա, կարող է հաջողության հասնել ցանկացած վայրում:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ կդառնայի, եթե սովորեի Երևանում, բայց կարծում եմ, որ դա կախված է մարդուց: Յուրաքանչյուր մարդ, ցանկության դեպքում, կապ չունի որտեղ է նա սովորել,  կհասնի ցանկալի արդյունքին», – ասում է Գուրգենը:

«1+4 կրթական ծրագիր» 

Արդեն ութերորդ տարին է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ընդունվել վրացական բուհ՝ հանձնելով ընդհանուր ունակություններ քննությունն իրենց մայրենի լեզվով` հայերենով, ադրբեջաներենով, օսերենով և աբխազերենով: Անցողիկ միավոր ստանալու դեպքում ոչ վրացալեզու ուսանողները Վրաստանի պետական բուհերում մեկ տարվա ընթացքում սովորում են պետական լեզուն, ապա պարտադիր կրեդիտ-միավորները ստանալու դեպքում նրանք կարող են շարունակել իրենց ուսումնառությունը ցանկացած ֆակուլտետում:

Այս ծրագրի շրջանակներում ամեն տարի 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանողներ պետական ֆինանսավորում են ստանում: Ֆինանսավորվում  է՝ և նախապատրաստական, և բակալավրի աստիճանները: Ֆինանսավորումը վերաբերում է նաև օս  և աբխազ  ուսանողներին:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ սեկունդա կետի համաձայն՝ վրացերենի ուսուցման ծրագիրը ժամանակավոր բնույթ է կրում և այն կավարտվի 2023-2024 ուսումնական տարում:

Արտոնյալ ծրագրի գործարկման ընթացքում ամեն տարի ավելանում է վրացական բուհերում սովորող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների թիվը:

2010 թ.-ի ծրագրում ներգրավված էր 247 ուսանող, 2011 թ.-ին դիմորդների թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով 247-ից մինչև 430-ի: Անցած տարիների ընթացքում ուսանողների թիվն աճել է՝ հասնելով 1 231-ի:

Loading...

Loading…

«1+4 կրթական ծրագրի» ուսանողուհի Արեկնազ Պետրոսյանը Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է:

Նա սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այժմ սովորում է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի նույն ֆակուլտետում: Արդեն երկրորդ տարին է, նա աշխատում է Ջիգրաշեն գյուղի հանրակրթական դպրոցում, որպես վրացերենի ուսուցչուհի՝ «Վրացերենը որպես օգնական երկրորդ լեզվի ուսուցչին» ծրագրով:

Արեկնազը չի բողոքում իր աշխատանքից, բայց ցանկանում է աշխատել իր մասնագիտությամբ:

«Իհարկե, ես չեմ դժգոհում իմ աշխատանքից, քանի որ արդեն կապվել եմ իմ աշակերտներին, բայց մեծ ցանկություն ունեմ որևէ գերատեսչությունում իմ մասնագիտությամբ աշխատելու», – ասում է Արեկնազը:

Նրա ապագա ծրագրերի մեջ է մտնում մասնագիտության զարգացումը և իր մասնագիտությամբ աշխատելը: Ըստ նրա, տարածված խոսակցություններն այն մասին, որ «1+4» ծրագրի մասնակիցները և վրացական բուհերն  ավարտած ուսանողները  հեշտությամբ կարողանում են աշխատանք գտնել՝  առասպել է:

Նախքան իր հայրենի գյուղ վերադառնալը և դպրոցում աշխատանքի տեղավորվելն Արեկնազն անցել է ստաժավորման ծրագիր:

2017 թվականից ի վեր Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերի նախարարությունն իրականացնում է ստաժավորման ծրագիր, որպեսզի բացի բարձրագույն կրթությունից, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ձեռք բերեն նաև աշխատանքային փորձ:

Ծրագիրն իրականացվում է պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ: «1+4» ծրագրի շրջանակներում կրթություն ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում 1-ից 6 ամիս ստաժավորում անցնել երկրի պետական հաստատություններում, կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Արեկնազ Պետրոսյանն ասում է, որ ծրագիրն իրեն օգնել է՝ սովորել, թե  ինչպես է պետք աշխատել պետական հաստատություններում, ինչպես նաև բարելավել է  վրացերենի իմացությունը: Այնուամենայնիվ,  ինչ վերաբերում է հետագա աշխատանքի որոնմանը, ստաժավորումը որևէ  առավելություն  չի տալիս:

Փորձնական (պիլոտային) ռեժիմում, 2017 թ.-ին  65 ուսանող ստաժավորում է անցել 20-ից ավելի հաստատություններում: 2018 թվականի առաջին խմբում  կար 87 ստաժոր, իսկ երկրորդում՝ 55:

Loading...

Loading…


Տիգրան Թարզյանը 2 անգամ մասնակցել է ստաժավորման ծրագրին, սակայն այսօր նա գործազուրկ է: Նա մասնագիտությամբ քաղաքագետ է: Ավարտել է Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանը:

Տիգրանը վերադարձել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Ուջմանա  հայրենի գյուղը, բայց դեռ աշխատանք չունի: Նա դիմել է տարբեր գործակալությունների և աշխատանք գտնելու համար լրացրել է աշխատանքի ընդունման հայտեր, սակայն դեռևս անհաջող:

Տիգրանը գտնում է, որ Վրաստանում սովորելը և պետական լեզվի տիրապետումը որևէ առավելություն չեն տալիս:

««1+4» ծրագիրը օգնում է սովորել լեզուն և ինտեգրվել վրացական հասարակությունում, բայց դա, ըստ իս, չի օգնում աշխատանք գտնել: Ես դիմել եմ տարբեր տեղեր, անցել եմ հարցազրույցներ: Հայաստանում սովորածներն ավելի հեշտ են գտնում աշխատանք՝ քան նրանք, ովքեր տիրապետում են պետական լեզվին և սովորել են վրացական բուհերում», – ասում է Տիգրանը:

Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում աշխատանքի շուկան հարուստ չէ: Բիզնեսում և տարբեր ծառայությունում հիմնականում աշխատանքի են տեղավորվում սեփականատերերի ծանոթներն ու հարազատները: Պետական կամ մասնավոր հաստատություններում հաստիքները քիչ են, հազվադեպ են հանդիպում: Քանի որ գործազուրկների թիվը մեծ է, թափուր աշխատատեղերի համար բազմաթիվ մարդիկ են դիմում, նույնիսկ, եթե իրենց մասնագիտությանը հաստիքը չի համապատասխանում:

Տեղական ինքնակառավարման մարմիններում սահմանափակ թվով աշխատատեղեր կան, այստեղ թափուր աշխատատեղ միշտ չի լինում: Չնայած այս ամենին շատ հաճախ հնարավոր չէ գտնել համապատասխան կադրերի:

«Մենք չունենք մասնագետ՝ տնտեսագետներ, հաշվապահներ, ինժեներներ, շինարարներ: Թափուր աշխատատեղերի հայտարարման ժամանակ մեզ դիմողների մեծամասնությունը իրավաբաններն են», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ինչ վերաբերում է թեկնածուների կրթությանը, քաղաքապետը այդ ուղղությամբ առաջնահերթությունները պարզաբանում է հետևյալ կերպ.

«Կարևորը իհարկե մասնագիտությունն է, երկու թեկնածուների միջև միանշանակ պետք է ընդունել մասնագետին: Պետական լեզվի իմացությունը մեծ առավելություն է: Օրինակ, եթե հավակնում են երկու ինժեներ, մեկը վրացերենի իմացությամբ, մյուսը՝ ոչ, իհարկե կընդունվի լեզվին տիրապետողը: Բոլոր գործերի վարույթները վրացերենով են կատարվում, աշխատողը պետք է կարողանա աշխատել փաստաթղթերի հետ», – ասաց նա:

Ինտերնետ պրովայդեր «NetCom»-ը համեմատաբար հաճախ է հայտարարում թափուր աշխատատեղերի մասին մրցույթներ, սակայն յուրաքանչյուր առանձին գործի առնչությամբ ընկերության առաջնահերթությունները տարբեր են:

«Երբ մեզ հարկավոր է ընդունել, օրինակ՝ տեղադրողի, ով անմիջապես աշխատում է մարդկանց հետ՝ նրանց բնակարաններում, ապա մենք այս դեպքում նայում ենք մարդու տրամաբանությանը, նրա շփվելու ունակությանը, խոսքի դասավորվածությանը և բացատրությունների հստակությանը: Օպերատորների դեպքում մեզ համար կարևոր է, հայոց լեզվի իմացության հետ միասին, այն նաև իմանա վրացերեն, քանի որ մեր հաճախորդները հիմնականում ազգությամբ հայեր և վրացիներ են», – ասում է ՍՊԸ «NetCom»-ի ներկայացուցիչ Մարտին Մուրադյանը:

Ինչ վերաբերում է թեկնածուների կրթությանը, ապա Մարտին Մուրադյանն ասում է, որ նրանք հաճախ չեն էլ նայում դիպլոմին:

«Եվ ընդհանրապես, ամբողջ Վրաստանում շատ տեղերում հաշվի չեն առնում դիպլոմի առկայությունը: Գլխավորն այն է, որ թեկնածուն համապատասխանի թափուր աշխատատեղի պահանջներին», – ասում է նա:

Ճիշտ է, ոչ բոլորը, և ոչ ամենուր են պահանջում կրթության մասին փաստաթուղթն աշխատանքի ընդունելու համար, սակայն գործատուների պահանջները բավարարելու հարցում կրթությունը շատ կարևոր դեր է խաղում:

Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան