Ջավախքում զբոսաշրջությունը դանդաղ է զարգանում: Այս շրջանը Վրաստանի զբոսաշրջային երթուղիներում չկա, սակայն, Փոկա գյուղի Սուրբ Նինոյի մենաստանը ընդունում է զբոսաշրջիկների ու այցելուների և զարգացնում է իր ենթակառուցվածքը:
Փոկայի միանձնուհիների մենաստանը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհին, Վրաստանի ամենամեծ լճի՝ Փարվանայի ափին:
Համապատասխան ենթակառուցվածքը ամբողջովին պատրաստ չէ, բայց վանքը ընդունում է տարբեր զբոսաշրջիկների: Այստեղ զարգանում է կրոնական և գաստրոնոմիական տուրիզմը: Ամբողջ աշխարհի քրիստոնյաներին մենաստան ձգում է այն, որ Վրաստանի քրիստոնեացման գործընթացը այստեղ է սկսվել, ինչպես նաև վանքի միանձնուհիները զբոսաշրջիկների համար պատրաստում են տարբեր յուրահատուկ համեղություններ:
Վանքը հայտնի է իր պանիրներով, շոկոլադներով և տարբեր արտադրանքներով, որոնք վանքում պատրաստվում են Ջավախքի ալպյան լեռների մթերքներից:
«Շատ զբոսաշրջիկներ գալիս են, երբ իմանում են, որ սա սուրբ տեղ է, որ Սուրբ Նինոն եկել է և գիշերել այստեղ: Մարդիկ վանք են գալիս մեր պանիրների, մուրաբաների և շոկոլադի համար », – ասում է միանձնուհի Շուշանիկը:
Ջավախքի զբոսաշրջությունը զարգացման փուլում է: Տարբեր վրացական և միջազգային հասարակական կազմակերպություններ, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ծրագրերի տեսքով, բավականին մեծ ֆինանսներ են ներդնում: Սակայն նշենք, որ առաջխաղացումը դանդաղ է ընթանում:
Բայց Փոկայի վանքին հաջողվել է իր աշխատանքով և նպատակասլացությամբ Վրաստանի զբոսաշրջային քարտեզում գրավել իր տեղը:
Այս տարի կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում զբոսաշրջությունը ճգնաժամ է ապրում, այդ թվում նաև Փոկայի վանքը:
Մայր Շուշանիկի խոսքերով, անցյալ տարի օրական վանք և խանութ էին այցելում մոտ 50 զբոսաշրջիկ և հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկներ:
«Մեր արտադրանքի միջոցով մենք հանրաճանաչ ենք դարձնում Ջավախքը: Մենք մեր պանիրները անվանել ենք Ջավախքի խորհրդանիշների անունով: Շոկոլադի փաթեթավորման վրա նկարել ենք Ջավախքի ազգային զբոսայգու թռչունների պատկերները, նկարներում այն թռչուններն են որոնք կան մեր շրջանում: Մենք հրապարակել ենք, և մեր խանութում վաճառում ենք Ջավախքի և բնակիչների կենսակերպի մասին գիրք», – ասում է միանձնուհի Շուշանիկը:
Նրա խոսքերով, Փոկայի բնակիչները հպարտ են, որ իրենց գյուղն այդքան հայտնի է, և զբոսաշրջիկները գալիս են այստեղ:
Վանքն առաջիկայում կկարողանա պատշաճ կերպով ընդունել զբոսաշրջիկներին: Այստեղ կառուցվում է այցելուի տուն, սրճարան, ու ընդարձակվում է խանութը, որտեղ վաճառվում են միանձնուհիների պատրաստած տարատեսակ արտադրանքները:
«Արդեն շատ զբոսաշրջիկներ են գալիս, նրանց համար ենթակառուցվածք է պետք, մեզ հարկավոր է գիշերելու տեղեր, լճի մերձակայքում էլ ենթակառուցվածքներ կլինեն, ընդհանուր առմամբ մենք ընդլայնվում ենք», – ասում է մայր Շուշանիկը: