Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Վրաստանում արձանագրվել է արտակարգ դրության պայմանների խախտման 198 դեպք: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ ոստիկանությունն ապրիլի 14-ի ժամը 21:00-ից ապրիլի 15-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում՝ պարետային ժամի ընթացքում, երկրում 90 քաղաքացի է տուգանել: Բացի այս, ՆԳՆ-ն հանրային վայրերում 3-ից ավելի մարդու կուտակման կամ սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով տուգանել է 91 քաղաքացու: Ավտոմեքենայով տեղաշարժման կանոնները խախտելու համար տուգանվել է 17 անձ:

Նշենք, որ արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իրաբանական անձը՝ 15 000 լարիով:

Վրաստանում արտակարգ դրություն սահմանվել է մարտի 21-ին՝ մեկ ամսով: Նախօրեին Վրաստանի վարչապետը հայտարարեց՝ արտակարգ դրությունը կշարունակվի ավելի խստացված պայմաններով մինչև մայիսի 10-ը: