Վրաստանում արտադրված բժշկական դիմակները կհայտնվեն վաճառքում հաջորդ շաբաթվանից: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում ամբողջ երկրի մասշտաբով ինը ձեռնարկություն դիմակներ է կարում: Նրանք վերապատրաստվել են այն բանից հետո, երբ Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, և վարակվածների թիվը սկսեց աճել:
«Հաջորդ շաբաթվանից սկսած մենք կկարողանանք որոշակի թվով դիմակներ հասցնել դեղատան ցանցեր, և բնակչությունը կունենա հնարավորություն դրանք գնելու», – ասել է Թուրնավան «Պալիտրա» հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ այդ դիմակների գինը մատչելի կլինի բնակչության համար:
Բացի այդ, ըստ Թուրնավայի, Վրաստանն արդեն արտադրում է բավարար քանակությամբ ախտահանող նյութեր, և այլևս պակաս չկա:
«Ախտահանիչ լուծույթը այլևս դեֆիցիտում չէ, և շատ կազմակերպություններ կարող են պարբերաբար ախտահանում անցկացնել», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իշխանությունները գործարաններին օգնել են վերապատրաստվել և ձեռք բերել արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները:
Նա ընդգծել է նաև, որ անհրաժեշտ վիրուսից պաշտպանիչ միջոցների պակասը լրացվում է ոչ միայն տեղական արտադրությամբ, այլև ներմուծվածով:
Նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 148-ի, և մասնագետները կանխատեսում են դեպքերի թվի ամենօրյա աճ: