Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքէջը կգործի նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով, այդ թվում հայերենով:
Կառավարության լրատվությամբ, արդեն գործում է էջի ադրբեջանական տարբերակը, որն առաջիկա օրերին կկատարելագործվի: Ակտիվ աշխատանքներ են ընթանում հայալեզու տարբերակի ստեղծման ուղղությամբ:
Բացի այդ, Վրաստանի կառավարությունն ակտիվ համագործակցում է Վրաստանի հանրային հեռարձակողի հետ, որպեսզի էթնիկ փոքրամասնությունների լեզուներով արագ հաղորդեն կորոնավիրուսին վերաբերվող լուրերը:
Մառնեուլիի և Բոլնիսի մարզերի բնակչությանը տեղեկություն հաղորդելու համար, տեղական իշխանությունները ակտիվորեն աշխատում են կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից:
Բոլոր հրահանգներն ու խորհուրդները թարգմանվել են: Ձայնագրվել են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով տեսահոլովակներ, որոնք լուսաբանվել են ինչպես տեղական, այնպես էլ սոցիալական լրատվամիջոցներով:
Մարզի բնակչությանը էթնիկ փոքրամասնությունների լեզուներով տպագրված տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն:
Վրաստանի կառավարության կողմից ընդունված արտակարգ քայլերը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված ցանկացած օգտակար տեղեկատվություն, անընդհատ թարգմանվում և տեղադրվում են Առաջին ալիքի կայքում՝ www.1tv.ge: Այսօրվանից այս տեղեկատվությունը հասանելի է նաև stopcov.ge կայքէջի ադրբեջանական տարբերակում: