Այսօր, Մարտի 23-ին Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես դադարեցվել է: Սադախլոյի անցակետը բաց կլինի բեռնատարների համար երեկոյան ժամը 21:00-ից սկսած:
«Հայտնում ենք, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։
Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։
Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»,- նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։