Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ԶԼՄ-ների հարցերով խորհրդարանի նախագահի խորհրդական Միշա Փեքրիշվիլին:
Ըստ նրա, լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողանա մտնել օրենսդիր մարմնի շենք: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:
Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:
Փեքրիշվիլիի խոսքերով սա չի նշանակում, որ լրագրողները չեն կարող լուսաբանել խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հանձնաժողովների և լիագումար նիստերի հանդիպումները ավանդաբար կցուցադրվեն խորհրդարանի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում և Հանրային հեռարձակողի 2-րդ ալիքով: Լրացուցիչ կադրեր կարվեն խորհրդարանի մամուլի ծառայության կողմից և կտրամադրվեն լրատվամիջոցներին», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդականը:
«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում փակ են մի շարք հաստատություններ առևտրի կենտրոնները, բացի մթերքի խանութներից, դեղատներից, բանկերից ու բենզալցակայաններից: Հիմնականում գերատեսչությունները գործում են հեռահար: