Ախալքալաքում ոչ միայն խնդիր է փողոցային առևտուրը, այլ նաև ախալքալաքցիների լեզվով ասած «յարմրկան»` տոնավաճառը։ Այս տարի տեղական իշխանությունները որոշել են վերականգնել Վաչագան Վանցյանի անվան այգին և առևտրականներին տեղափոխել այլ տեղ։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ առևտրականներին այդ մասին արդեն տեղյակ են պահել: Նրանք արդեն պետք է հոգեպես պատրաստ լինեն այդ տարածքը լքելու փաստի հետ։
«Մենք արդեն տարածել ենք տեղեկություն, որ ուզում ենք այգին նորից վերականգնել, որպեսզի ունենանք սիրուն կենտրոն։ Կոնկրետ ժամանակ տալ չենք կարող, եթե մենք հաստատ տեղ ունենանք տրամադրելու, ապա այդ ժամանակ կարող ենք ասել, որ օրինակ, ունեն մեկ ամիս ժամանակ տեղափոխվելու համար։ Բայց հիմա նրանք աշխատում են, փող են վաստակում, մենք չենք կարող միանգամից ստիպել»,- ասաց Յուրիկ Ունանյանը։
Այս թեմային շուրջ խոսելիս առևտրակաները միանգամից բռնկվում են.
«Ինչո՞ւ են դուրս հանում, թող միանգամից գան բոլորիս սպանեն։ Այ մարդ աշխատում ենք մեր համար, բոլորս վարկեր ունենք, ինչպես պետք է վճարենք, եթե փակեն տոնավաճառը»,- ասում է առևտրականներից մեկը։
«Իհարկե մենք հասկանում ենք, որ լավ բան են առաջարկում, գնանք լավ տեղ, սակայն այդ լավ տեղը լավ գին ունի, այնտեղ հարկ պետք է վճարենք, տարածքի գումար պետք է տանք, իսկ մենք այդքան չենք աշխատում, որ կարողանանք և այդ վճարումներն անենք, և տուն պահենք»,- ավելացրեց մեկ այլ առևտրական։
«Իմ պայմանները չի ներում, ի վիճակի չեմ, որ գնամ։ Առանց այդ էլ ժողովրդի վիճակը շատ վատ է, սա էլ փակեն ի՞նչով ապրենք»,- հավելեց առևտրականներից մեկը։
«Այո, այգին շատ սիրուն է, բայց տեսեք, ես հիմա դեղերը գրպանս կանգնած եմ ու գիտեմ, որ գոնե դեղի և հացի գումար կվաստակեմ: Եթե այգի լինի, գամ սոված, հիվանդ նստեմ սիրուն այգում, չլինելու բան է», — ավելացրեց մեկ այլ առևտրական։
Նորակառույց շենքի սեփականատերն ասում է, որ տոնավաճառից արդեն մի քանի առևտրական տարածք է վերցրել։
Ինչպես առևտրականներն են ասում՝ տոնավաճառը փակելու դեպքում պատրաստվում են ցույցեր անցկացնել, պայքարել մինչև վերջ, որպեսզի իրենց ապրուստի միակ միջոցը չխլեն իրենց ձեռքից։
Գայանե Ակոջյան