Ամեն ինչ սկսվեց 13 տարեկանում, երբ առաջին անգամ քույրերի հետ նստեց ու իր առաջին գորգը գործեց: Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում Կանանց ասոցիացիայի հիմնադիր Օֆելյա Իսպիրյանը գյուղական առօրյաից անդին ստեղծել է իր աշխարհը, որը միաժամանակ, թե ստեղծագործելու, թե բիզնեսով զբաղվելու հնարավորություն է ընձեռում:
Դադեշ գյուղում գորգագործ Օֆելյան հարմարավետ ու տարբերվող անկյուն է ստեղծել, որտեղ յուրաքանչյուր առարկա, գործվածք, գործիք ու գորգ իր պատմությունն ունի: Պատմություն, որ գրավում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղաբնակներին:
«Գալիս են շրջանի տարբեր գյուղերի աշակերտները: Նրանց համար, ոչ միայն հետաքրքիր է, այլև ուսուցողական նշանակություն ունի, սակայն այս փոքրիկ սենյակում անհարմարություններ չկան: Զզբոսաշրջիկները շատ քիչ են գալիս, պայման չկա, ես ինքս էլ չեմ ուզում, որ գան: Տուրիզմի կետ է, բայց այսօրվա դրությամբ մի բաժակ ջուր նորմալ չեմ կարող առաջարկել», – կիսվում է գորգագործը:
Չնայած պայմանների բացակայությանն ու մնացած դժվարություններին, տիկին Օֆելյան մտածում է գորգագործությունը Ջավախքում զարգացնելու մասին և թվարկում, թե ինչ քայլեր են անհրաժեշտ կատարել արդյունքի հասնելու համար:
«Դժվար աշխատանք է, բայց անհնարին ոչինչ չկա, մենք կարող ենք գորգագործությունը զարգացնել տարբեր բնագավառներում: Կարող ենք որպես արդյունաբերություն, ասենք գորգագործությունը հայկական զարդանախշերով հանդերձ ներկայացնել որպես արդյունաբերության ճյուղ և այդ գորգերը հանել վաճառքի: Կարող ենք զարգացնել նաև որպես ուսուցողական կենտրոն, կարող ենք զարգացնել տուրիզմի ուղղությամբ», – նշում է Օֆելյա Իսպիրյանը:
Գորգագործը հավելում է, միայնակ դժվար է մեծ գորգեր գործել, բայց այն իրականացնելու համար առաջինը կամք ու նվիրվածություն է անհրաժեշտ:
«Մի բան պակասում է, ոնց որ հոգին կա, մարմինը չկա, ես հոգին եմ, մարմինը չկա, պետք է մարմինը, որ կարողանանք Ջավախքում գորգագործությունը զարգացնել, այդ ամենն իրականացնելու համար հոգի է պետք, իսկ ով է այդ հոգին ես չգիտեմ, չեմ կարող ասել: Երբեմն ինձ ասում են՝ ինչի մեծ գորգեր չես գործում, ես ասում եմ, որ մեծը ծավալուն աշխատանք է պահանջում, դրա համար պետք է ուսուցողական արտադրամաս ունենալ, որպեսզի աստիճանաբար զարգացնել, բայց երբ մարդիկ գալիս են մեր մոտ, միայն շահ են տեսնում, ոչ մեկ չի հարցնում ինչպես անենք, որ զարգացնենք, երբեք լուրջ միջոց չեն ձեռնարկում»,- ընդգծում է տիկին Օֆելյան:
Յուրաքանչյուր աշխատանքի մեջ Օֆելյա Իսպիրյանը հոգի ու բովանդակություն է դնում, ինչն արտացոլվում է առանձին տարրերում:
Զբոսաշրջության զարգացման համար ասոցիացիան ծրագիր ունի, սակայն դեռ չեն կարող վաճառել ապրանքը, քանի որ չկան համապատասխան խանութներ ու վաճառքի կենտրոններ:
Գորգագործությունը՝ սերնդեսերունդ
Գորգագործությունը, որպես սիրելի զբաղմունք (Video)
«Գորգն իմ թթվածինն է, ես չեմ կարող առանց գործելու»
Նինոծմինդայում գորգագործությամբ են զբաղվում
Հայկական գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Այն ծառայել է որպես փռոց, ծածկոց, վարագույր, տունը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր: Գործվել են բրդի, վուշի, մետաքսի և բամբակյա թելերից: Առանց խավի գորգերը հայերը կարպետ են անվանում: