Գորգագործությունը Դադեշ գյուղի բնակչուհի` Օֆելյա Իսպիրյանի մոտ զբաղմունքից վերածվել է բիզնեսի, որը դեռ շահութաբեր չէ:

Տարրական դասարանների 50-ամյա ուսուցչուհի Օֆելյա Իսպիրյանը, Դադեշում հայտնի է որպես իր գործի վարպետ, գործունյա և ակտիվ կին:

associaciya

Տան դարպասի մոտ մեզ դիմավորեց սև-սպիտակ ազնվացեղ շունը, որը սկզբում հաչում էր, իսկ երբ համոզվեց, որ տանտերը մեր մասին տեղյակ է հանգիստ հեռացավ:

Ժպտերես կինը մեզ դիմավորեց «Դադեշի» կանանց ասոցիացիայի շենքի դիմաց, որի 5 անդամներից մեկն ու առաջնորդը հենց ինքն է: Քարե հին տունը առանձնանում է մնացածից` քարե ցանկապատը զարդարում են քարե թռչունն ու գույնզգույն ծաղկամանները, բայց ծաղիկների փոխարեն այնտեղ եղևնու ճյուղեր են:

«Քանի-որ ձմռանը ծաղիկներով ու կանաչով չեն զարդարում, որոշել ենք եղևնու ճյուղերով զարդարել, քանի դեռ ծաղիկներ չկան»,- բարձրաձայն ասաց նա, շտապելով բացել հին, փայտե դուռը:

ptichka

Ուր մենք ժամանեցինք մեկ սենյականոց տարածք էր, ուր պատերին կախված էին ասոցիացիայի անդամների ձեռագործ աշխատանքները: Նրանք ասեղնագործում են, ձեռնոցներ են գործում, գուլպաներ, փոքր գորգեր, իսկ հուլունքներից սարքում կախազարդեր (բրելոկներ) և այլն: Մի անկյունում տանտիրուհին նրբորեն դարսել էր կարմիր գորգը, որը ինքն է գործել: Մյուս անկյունում հավաքված և խնամքով դարսված էին գույնզգույն թելեր, որի կողքին տեղ էին գտել ժամանակակից սարքավորումները:

kovriki

«Ես 13-14 տարեկան էի, երբ սկսեցի գորգ հյուսել: Իմ մայրս գործում էր, մենք էլ սովորել ենք: Նա ուղղակի հյուսում էր, բայց սխեմա չուներ, իսկ հիմա համակարգիչ կա և իմ հնարավորություններն ավելի մեծ են: Մեր բիզնեսը դեռ նոր է, ընդամենը երկու տարի է, ինչ էլ որ պատրաստել ենք դեռ չենք վաճառել»,- պատմում է Օֆելյա Իսպիրյանը:

kovyor

Գյուղական վայրերում ասոցիացիան նոր հասկացություն է, բայց Դադեշն այն գյուղերի շարքում է, որոնք հայտնվել են Ջավախքի Ազգային Զբոսայգու տարածքում: Այդպիսով Օֆելյա Իսպիրյանը և գյուղից ևս 4 կանայք օգնություն են ստացել թրեյնինգի և ֆինանսների տեսքով, որպեսզի ստեղծեն կանանց ասոցիացիա, որը իրենց գյուղի անունով էլ կոչվում է՝ Դադեշ:

Ofelya Ispiryan

Իր աշխատանքները ցույց տալուց հետո, տանտիրուհին հրավիրեց տեսնելու իր ձեռքի ջուլհակահաստոցը, որը ասոցիացիայի շենքում տիրող ցրտի պատճառով տարել էր իր տուն: Օֆելյա Իսպիրյանի տունը գտնվում է ասոցիացիայի շինության դիմաց: Անցնելով խնձորենիների այգու միջով հասնում ենք տուն և մտնում այն սենյակ, որտեղ ջուլհակահաստոցն: Տանտիրուհին հպարտությամբ ցույց է տալիս ջուլհակահաստոցը, վերցնելով հին, հատուկ իրեն հարմարեցված աթոռակը, նստում է հյուսելու վրաց Թամար թագուհու դիմանկարով գորգը: Օֆելյայի ձեռքերի շարժումներին անթարթ հետևում էին մանկական հետաքրքրասեր աչքեր, նրա թոռն ու թոռնուհին:

dzge

«Ես սովորեցնում եմ իմ թոռնուհուն, նա գիտի, թե ինչպես պետք է սկսել: Մայրս Մամզարա գյուղից էր: Նա հարս էր եկել Իսպիրյանների ընտանիք: Տատիկս ու պապիկս ծագումով Իսպիր Էրզրումից են եղել և այնտեղից իրենց հետ բերել են գործիքները: Եվ բնականաբար այս զբաղմունքը մեզ մոտ սերնդե-սերունդ է փոխանցվում: Հայրս արհեստավոր էր և այս ջուլհակահաստոցը (դզգյը) նրա ձեռքի գործն է: Մայրս հյուսում էր այնպիսի գորգեր, որը շատ ավելի դժվար է հյուսել և ավելի շատ ժամանակ էր պահանջում: Մնացած բրդից պատրաստված ամեն ինչ մեր ընտանիքի համար սովորական երևույթ էին: Մայրս նաև ասեղնագործում էր», – գործելու ընթացքում պատմում էր Օֆելյան:

tkach

Տանը, սեղանի վրա դրված էր իլիկը, սակայն Օֆելյայի խոսքով, թելերը ավելի էժան է գնել, քան մանել:
«Թելերը թանկ են, կեսը իմ սեփականությունն է, իսկ մյուս մասը ֆինանսավորված է նախագծի կողմից: Ես ինքս կարող եմ թել մանել, բայց ավելի էժան է նստում դրանք գնելը: Մանելը ավելի շատ ժամանակ է պահանջում», – շարունակելով աշխատել պատմում էր նա:
ilik

Յուրաքանչյուր աշխատանքի մեջ Օֆելյա Իսպիրյանը հոգի ու բովանդակություն է դնում, ինչն արտացոլվում է առանձին տարրերում:
Զբոսաշրջության զարգացման համար ասոցիացիան ծրագիր ունի, սակայն դեռ չեն կարող վաճառել ապրանքը, քանի որ չկան համապատասխան խանութներ ու վաճառքի կենտրոններ:

Քրիստինե Մարաբյան