Ավելի քան մեկ ամիս առաջ ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Երկաթուղային տրանսպորտի գիտա-հետազոտական ինստիտուտը, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» դուստր ձեռնարկությունը, մշակել է տեխնոլոգիաներ` Մարաբդա-Ախալքալաք հատվածում բեռնափոխադրիչ գնացքների երթևեկը կազմակերպելու համար: Վրաստանում դեռ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:
«Ոչ վաղ անցյալում, ինստիտուտն ավարտեց մի հետաքրքիր և լայնածավալ միջազգային նախագիծ` Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի մաս հանդիսացող Մարաբդա-Ախալքալաք հատվածում բեռնափոխադրիչ գնացքների երթևեկը կազմակերպելու համար տեխնոլոգիայի մշակումը, որի շրջանակներում իրականացվել են փորձարկումներ` գնացքի զանգվածի կրիտիկական նորմերի նորման սահմանելու համար: Մեր համատեղ աշխատանքը Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ մեզ թույլ է տվել ստեղծել անվտանգ համակարգ այս հատվածում բեռնափոխադրումներ կատարող գնացքներին հետևելու համար: Այժմ մենք քննարկում ենք նրանց հետ աշխատանքը նաև այլ ոլորտներում», – այս մասին «Rambler»-ին տված հարցազրույցում հայտնել է Երկաթուղային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Վինոգրադովը:
Այնուամենայնիվ, Վրաստանում այս հետազոտությունը չի մեկնաբանվում և չի քննարկվում: «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ում չմեկնաբանեցին այս հարցը՝ ասելով, որ այս հարցին կարող է պատասխանել Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Փորձելով ճշտել, թե կոնրկետ ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը և ինչպիսի համատեղ աշխատանքներ են իրականացվում ադրբեջանցի, վրացի և ռուս գործընկերների միջև, Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հետ:
Սկզբում օպերատորն առաջարկեց զանգահարել մեկ այլ համարով, բայց քանի որ մեզ տրված համարն անհասանելի էր, մենք կրկին կապնվեցինք նախարարության օպերատորի հետ, որն արդեն մեզ պատասխանեց հետևյալը.
«Տեղեկատվությանը չպետք է վստահել, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել մեր կողմից: Հատկապես հաշվի առնելով, թե ով է տալիս այդ տեղեկատվությունը: Ի վերջո, կարևոր է իմանալ, թե որքանով է իրավասու այն տրամադրող անձը: Գուցե սա ներքին քննարկման առարկա էր, կամ առարկա է, բայց քանի դեռ թեման բացահայտ չի քննարկվում, ցավոք մեկնաբանություն չի արվի: Ելնելով այս ամենից, պետք է սպասեք պաշտոնական մեկնաբանության», – ասաց Վրաստանի էկոնոմիկայի նախարարության օպերատորը: