Հասարակություն 2 Դեկտեմբերի, 2019 • Ավանդաբար Ախալքալաքում չեն շտապում պատրաստվել Ամանորին

Արդեն մոտենում են տոները, երկրի տարբեր քաղաքներում սկսել են զարդարել փողոցներն ու հրապարակները, բոլորի մոտ նախատոնական տրամադրություն է։ Սակայն Ախալքալաքում տարիներով իրավիճակ չի փոխվում, այստեղ դեռ սպասում են տենդեր-մրցույթի ավարտին, որպեսզի սկսեն տոնական զարդարել քաղաքը։

2017 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանը 10 մետր երկարությամբ և 5 մ տրամագծով եղևնի ձեռք բերեց։ Ինչպես անցած 2 տարին, այս տարի ևս կտեղադրվի նույն տոնածառը։ Քաղաքի և տոնածառի զարդարանքի համար արդեն հայտարարվել է տենդեր-մրցույթ, որի նախնական գումարը կազմում է 19 500 լարի, իսկ վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։

Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ասում է.

«Մենք ունենք տոնածառ, անցած տարվանն է: Հիմա արդեն տենդեր ենք հայտարարել տոնածառը հավաքելու և զարդարելու համար, ինչպես նաև անցած տարվանից ունենք խաղալիքներ, ինչ-որ պակասում է դա էլ պետք է գնենք։ 15 000 լարի նախատեսված է զարդարելու, նվերների և այլնի, իսկ 4500 լարի նախատեսած է հրավառության համար։ Մի մեծ պայթուցիկ քաղաքի և փոքր պայթուցիկներ 64 գյուղի համար», — ասաց Վալերի Ստելմաշովը։

Ըստ տարածված խոսակցությունների՝ ամանորյա գլխավոր տոնածառը կկանգնեցվի քաղաքի կենտրոնում, իսկ Ազատության փողոցը միակողմանի փակ կլինի երթևեկության համար: Սակայն Վալերի Ստելմաշովը Jnews-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման մտադրություն եղել է, բայց, քանի որ մինչև Նոր տարի քաղաքը բեմ չի ունենա, այդ իսկ պատճառով ծրագիրը փոփոխության է ենթարկվել։

Նշենք, որ մշակութային միջոցառումներն ներկայանալի իրականացնելու նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետն Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) հետ համաֆինանսավորմամբ ձեռք կբերի հավաքվող շարժական բեմ:

«Պետք է բեմ հավաքեինք, որի համար նույնպես տենդեր-մրցույթ ենք հայտարարել, իհարկե մինչև նոր տարի տենդերը հաղթողը պարզ կլինի, սակայն բեմը պետք է բերվի Չինաստանից, որի համար 3 ամիս է պահանջվում: Ճիշտ է այս տարի չի լինի, բայց վերջիվերջո մենք կունենանք պրոֆսիոնալ բեմ։ Եթե բեմը լիներ, մենք այն կտեղադրեինք փողոցում և փողոցը կփակեինք, դրա համար հիմա մենք դեռ չգիտենք փողոցը կփակենք, թե ոչ»,- հավելեց Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետը։

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, ծրագրային առումով ևս փոփոխություններ չեն լինի այս տարվա միջոցառումների ցանկում: Հիմանականում անցած տարվա ծրագրի կրկնությունն է լինելու, սակայն ձմեռ պապ, ձյունանուշ, ծաղրածուներ և հեքիաթների հերոսները կհրավիրվեն դրսից, և իհարկե կլինի համերգային մաս, որը կապահովեն տեղական երգի-պարի խմբերը: Ֆինանսական միջոցների սղության պատճառով դրսից արտիստներ չեն հրավիրվի։

«Մենք նաև պետք է նվերներ գնենք 800 հատ, բացի այն, որ մանկապարտեզների համար ենք առանձին նվերներ գնում, պետք է միջոցառման ժամանակ ևս նվերներ բաժանենք», — ավելացրեց Վալերի Ստելմաշովը։

Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետը նշեց. «Ինչքան շուտ սկսվի քաղաքի զարդարման գործընթացը, այդքան լավ»:

Գայանե Ակոջյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝