Նոյեմբերի 1-ին Ախալցխայում բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան Ախալցխայի փոքրիկներին հնարավորություն կընձեռի գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմատիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը:
armat erexaner

Բացման արարողությանը մասնակցում են բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Ներկա են եղել ՋԱՀ-ի և ԱՏՁՄ պատվիրակությունը, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ, տեղական իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու մշակութային գործիչներ։

Ինչպես իր ելույթում նշել է ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, այս կենտրոն կարող են հաճախել նաև վրացի երեխաները.

«Վրացական իշխանության ներկայացուցիչների հետ բազմաթիվ անգամներ ենք քննարկել «ԱրՄաթ» կրթական ծրագիրը նաև վրացական դպրոցներում ներդնելու հարցը։ Այն ամբողջությամբ թարգմանված և հարմարեցված է նաև վրացի երեխաներին։ Մինչ այդ քննարկումները ընթացքի մեջ են, ՋԱՀ-ն անում է առաջին քայլը. Ախալցխայի «ԱրՄաթ» կենտրոնում գործելու է նաև վրացական խումբ, ուր կարող են հաճախել նաև վրացի երեխաները։ Մենք չափազանց կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ առաջատար տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում վճռորոշ դեր ունեն, իսկ մեր փոքրիկ քրիստոնյա կղզյակում, որտեղ հարևանությամբ ապրում են հայերն ու վրացիները, գլխավոր հարստությունը մարդն է ու մարդկային միտքը»,- ասել է Սոս Սահակյանը։

Բացման արարողությունը շարունակվել է մշակութային մասով։ Հոգևորականները կատարել են տնօրհնեքի արարողություն, որից հետո միջոցառման հյուրերին իրենց աշխատանքներն են ներկայացրել Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները:

Հիշեցնենք, որ «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:

Առաջին «Արմաթը» Ջավախքում՝ Ախալքալաքում բացվել է 2018 թվականի ապրիլի 28-ին։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում պատանիները կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն և ժամանակակից ինժեներիա: Այն նախատեսված է 10-18 տարեկան դպրոցահասակ երեխաների համար: