Վրաստանում ստեղծվել է հանձնաժողով, որը որոշելու է, թե ինչ պետք է լինի շիրմաքարերի հետ, որոնք հայտնաբերվել են Թբիլիսիի Չոր կամրջի վերակառուցման ժամանակ:

Անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող Չոր կամրջի վերակառուցման ընթացքում, հայտնաբերվել էին գերեզմանաքարեր` դրանց վրա փորագրված հայերեն և վրացերեն գրություններով: Դրանք համարակալված էին կարմիր ներկով: Հասարակության շրջանում այդ փաստն առաջացրեց վրդովմունք:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են շինհրապարակ, որտեղ զննել են համարակալված գերեզմանաքարերը: Դիվանագետները կապ են հաստատել շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ և աշխատում են վրացական իշխանությունների հետ` գերեզմանաքարերի ապագան որոշելու համար։

Այս պահին ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է վերը նշված հարցով: Հանձնաժողովում ընդգրկված են Մշակույթի նախարարության, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկվում են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ շիրմաքարերի փոխանցումը Վրաստանի հայ համայնքին, Խոջիվանքի պանթեոնում տեղակայելը կամ ​​Վրաստանի որևէ այլ թանգարանին փոխանցումը:

Շիրմաքարերը, Թբիլիսիում՝ Սովետական ​​ժամանակաշրջանում օգտագործվել են որպես շինանյութ և հաճախ դրանց մասին հայտնի են դառնում, երբ ընթանում են վերակառուցման աշխատանքներ:

shirmaqar