Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում սկսվել են նոր ամբուլատորիայի կառուցման աշխատանքները:

Շինարարության տենդերը շահել է թբիլիսյան «Օվալ» ՍՊԸ-ն՝ 81 000 լարիի չափով: Ընկերությունը աշխատանքները սկսել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին: Աշխատանքներ են տարվում շենքի հիմքը կառուցելու ուղղությամբ:

Նոր ամբուլատորիան կառուցվում է գյուղի կենտրոնում՝ Մշակույթի տան հարևանությամբ:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ շինարարական աշխատանքները կտևեն առնվազն 2 ամիս:

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում կկառուցվի 4 ամբուլատորիա, իսկ 6-ը կվերանորոգվեն:

Նոր ամբուլատորիաները կառուցվում են Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադո գյուղերում: Բարալեթ, Դիլիսկա, Ազավրեթ, Արագվա, Ալաստան և Գումբուրդո գյուղերում կվերանորոգվեն արդեն գոյություն ունեցող շենքերը:

Չորս գյուղերում նոր ամբուլատորիա կառուցելու համար հատկացվել է 360 000 լարի, իսկ վեց գյուղերում վերանորոգման համար հատկացվել է 250 000 լարի, ծրագրի ընդհանուր գումարը 610 000 լարի է:

Տարեսկզբին Վրաստանի վարչապետը հայտարարեց այս ծրագրի մեկնարկի մասին, որի համար պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն լարի, և դրանում ներառված են բոլոր մունիցիպալիտետները: Այս տարի Վրաստանում կվերանորոգվեն մինչ 300 ամբուլատորիա, կկառուցվեն ավելի քան 100 նոր ամբուլատորիա և 40 շտապօգնության կենտրոն:

Ախալքալաքի շրջանում ընդամենը 3 ամբուլատորիա է գործում, մնացածը գործում են մասնավոր տներում, ինչը օրենքով արգելված է:

Ըստ Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի, մեր շրջանում պետք է լինի առնվազն 62 ամբուլատորիա, սակայն ներկայիս վիճակագրությունը ճնշող է թվում: Նա ուրախ է, որ Ախալքալաքի որոշ գյուղերում վերջապես կհայտնվեն նորմալ ամբուլատորիաներ: