Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Կա երկու զոհ և 19 տուժած: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
«13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։