Առավոտյան շուտ արթնանալով Վարդիթեր Յուզբաշյանը սովորականի նման չի շտապում դպրոց գնալ, այլ ընդակառակը՝ տանը նստած սպասում է իր դասաժամին, որպեսզի միացնի համակարգիչն ու սկսի իր հեռավար դասը։ Սկզբից շատ խորթ թվացող իրավիճակին արդեն ընտելացել է, սակայն չի ցանկանում, որ այս իրավիճակը երկար շարունակվի։
«Ես առավոտյան արթնանում էի, մեծ հաճույքով պատրաստվում ու դպրոց էի գնում։ Դպրոցում աշակերտներն ինձ դիմավորում էին ու ջերմ բարևում, իսկ հիմա ես այդ ամենից զրկված եմ»,- թախիծով պատմում է Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի հանրային դպրոցի ուսուցիչ Վարդիթեր Յուզբաշյանը։
Վարդիթերն օրական 3-4 հեռակա դաս է անցկացնում։ Սկզբի օրերին նրանք 6, և նույնիսկ 7 ժամ են պարապել, սակայն մեծ հոգնածություն է առաջացրել թե՛ ուսուցիչների, և թե՛ աշակերտների մոտ։
«Հեռավար դասերը պարզ է մեր ավանդականի հետ համեմատել չի լինի։ Ընդհանրապես նոր բանի անցնելը, ոչ միայն մեզ՝ ուսուցիչներիս, այլև աշակերտների համար դժվար ընդունելի է։ Սկզբից շատ դժվար էր հատկապես Microsoft teams ծրագիրը, պետք է ներբեռնել, գրանցվել, հետո աշակերտներին գրանցել և այլն։ Բայց հետագայում ամեն ինչ հունի մեջ ընկավ»,- պատմում է Վարդիթերը։
Օրջա գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհին բարձր է գնահատում այս նախագիծը, ըստ նրա ներկա իրավիճակում միակ ճիշտ լուծումն էր, դասերը չչեղարկելու համար։
«Ներկա իրավիճակի համար այս ծրագիրը փրկություն է, շնորհակալ ենք, որ այս ծրագիրը ստեղծվեց, անհրաժեշտությունը կար։ Մենք մի քանի շաբաթ դաս չարեցինք, ահավոր էր: Երբ աշակերտները իմացան, որ օնլայն դաս է լինելու շատ ուրախացան, արդեն նրանք էլ էին հոգնել, մշտական հեռուստացույցով լսում էին կորոնավարակի մասին, այդ փաստը հոգնեցրել էր աշակերտներին», – հավելում նա։
Մեր զրուցակցի երկար տարիների ուսուցչական փորձը թույլ է տալիս, որ նա գնահատի հեռավար ուսուցման դրական և բացասական կողմերը։
«Հեռավար ուսուցման թերությունը կայանում է նրանում, որ անմիջական շփում ուսուցչի և աշակերտի միջև չկա, խմբակային աշխատանք, ինչ որ ստեղծագործական միջավայրի ստեղծում, որտեղ պետք է ուսուցչի ներկայությունը հնարավոր չէ, ինչպես նաև դասաժամերը քիչ են, 25 րոպե է, որից 5 րոպեն դասամիջոց է, սակայն մենք այդ 5 րոպեն էլ ենք օգտագործում դասի համար։ Առավելություններ էլ շատ կան իհարկե, նախ շահում ենք ժամանակը, երկար ճանապարհ անցնել պետք չէ կրթություն ստանալու համար, և փորձում ես այնպես անել, որ ամեն ինչ հասցնես և այդպես էլ լինում է»,- ավելացում է Վարդիթեր Յուզբաշյանը։
Անդրադառնալով դժվարություններին Վարդիթերը նշում է, որ կան այնպիսի մարդիկ, որ ոչ համակարգիչ ունեն, ոչ էլ բջջային հեռախոս, և այդ ամենը նրանց անհասանելի է, բայց այդ իրավիճակից նույնպես ելք կա, տարբեր կապի միջոցներով օրվա դասը փոխանցում ենք աշակերտներին։
Նա ուրախությամբ է նշում, որ իր աշակերտները կատարում են բոլոր տնային առաջադրանքները։
«Հետզհետե սովորում ենք, օրինակ բջջային հեռախոսը, որ նոր էր, մենք միանգամից չսովորեցինք, աստիճանաբար ընկալեցինք, սովորեցինք, սա էլ նույնն է»,- ասում է նա։
Խոսելով «Հեռուստադպրոց» նախագծի մասին մեր զրուցակիցն ընդգծում է.
«Իհարկե ես միշտ հետևում եմ, որ իմ աշակերտները նայեն հեռուստադասերը, դասընթացը վարում են պրոֆեսիոնալ մասնագետներ, սակայն ամեն ինչ չէ, որ ընկալելի է աշակերտների համար, քանի որ այնպիսի բաներ կան, որոնց համար պետք է փակագծեր բացել, որպեսզի թեման աշակերտին ավելի հասանելի և դյուրըմբռնելի լինի։ Բացատրվում է, սակայն ոչ այնպես, որ ամեն ինչ հասկանալի լինի»,- ավելացնում է Օրջա գյուղի դպրոցի ուսուցչուհին:
Վարդիթերի համար գնալ դպրոց, տեսնել երեխաներին, լսել նրանց աղմուկը՝ անփոխարինելի է։
Գայանե Ակոջյան