Վրաստանը՝ Արեւելյան գործընկերության երկրներում փոքր և միջին բիզնեսի քաղաքականության վարկանիշային ցուցակի առաջատարն է: Այս մասին հաղորդում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Նախարարությունը նշում է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հովանու ներքո անցկացված ուսումնասիրության հիման վրա պատրաստված վարկանիշի համաձայն, Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը: Երկիրը լավագույնն է 13 ցուցանիշներից 9-ում, իսկ վարկանիշը բարելավվել է 11 կետով:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, այս տեղեկությունը հրապարակվել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրների կառավարական պատվիրակությունները: Վրաց պատվիրակությունը ներկայացրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Էկատերինա Միաբաձեն և «Արտադրիր Վրաստանում» ձեռնարկության տնօրեն Միխայիլ Խիդուրելին:
Նախարարության տվյալներով, Վրաստանն առաջատարն է հետեւյալ ինը ցուցանիշների վարկանիշում` կարգավորող միջավայր, բիզնես միջավայր, փոքր և միջին ձեռնարկությունների և սկսնակների աջակցության ծառայություններ, պետական գնումներ, ֆինանսական հասանելիություն, ստանդարտներ և տեխնիկական կանոնակարգեր, բիզնեսի հմտություններ, նորարարություն, փոքր և միջին բիզնես:
«Այս հաջողությունը ևս մեկ անգամ հաստատում է պետական քաղաքականության ճշգրտությունն ու արդյունավետությունը` նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի կայուն տնտեսական զարգացման և հասարակության բարեկեցության համար առավել բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը», – նշում են Էկոնոմիկայի նախարարությունից: