Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ կդրվի 10 լարիանոց նոր թղթադրամը: Այս մասին երեկ հայտարարել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Թղթադրամի առաջնային մասում Ակակի Ծերեթելիի նոր դիմանկարը կլինի` բարելավված ցայտունության որակով և ծավալով, ինչպես նաև «Գարուն» բանաստեղծությունից մի հատված, ծաղկող ճյուղի և ծիծեռնակի պատկեր:
Թղթադրամի հակառակ կողմում կլինի վրաց բնանկարիչ և գրաֆիկական նկարիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթին իմ մայրն է» կտավը և Վրաստանի պետական զինանշանը:
Թարմացված թղթադրամը կունենա ժամանակակից անվտանգության նշաններ, որոնք հեշտությամբ կարող են ճանաչել ինչպես օգտագործողները, այնպես էլ արհեստավարժ մասնագետները:
«Այսօր մենք ներկայացնում ենք 10 լարիանոցի ամենավերջին թարմացված թղթադրամը: Սրանով լարիի թարմացման գործընթացն ավարտված է», – ասել է Կոբա Գվենետաձեն:
Թարմացված թղթադրամի շրջանառության մեջ թողարկումը մեկնարկել էր փուլ առ փուլ: 2016 թ. փետրվարի 1-ին Վրաստանի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել ազգային տարադրամի՝ լարիի նորացված թղթադրամները` 20 և 50 լարիանոցները, իսկ 2016 թ. նոյեմբերի 1-ից ամբողջ Վրաստանով շրջանառության մեջ դրվեց 100 լարիանոցը՝ նորացված դիզայնով: 5 լարիանոց թղթադրամները թողարկվեցին 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:
Լարիի թարմացված թղթադրամների վրա պահպանված են քաջ հայտնի սկզբնական թեմատիկան, միևնույն ժամանակ, թղթադրամների վրա առանձին տարրերով ներկայացված պատմություններն էլ ավելի բազմազան դարձրեցին դրանք: Նոր դիզայնը մեծ ճշգրտությամբ արտացոլում է Վրաստանի կարևոր մշակութա-պատմական ժառանգությունը, հաղորդում է Ազգային բանկը:
Լարիի թարմացված թղթադրամները բնութագրվում են վառ արտահայտված գունապնակով, որոնք ներդաշնակ են հիմնական սյուժեների գերիշխող և արտահայտիչ գույներին: Թղթադրամների չափերը նույնպես թարմացվել են` թղթադրամներին համաձայն օգտագործվել է թղթադրամի չափսերի անկյունագծային, համաչափ աճի սկզբունքը:
Դիզայնի հեղինակն է վրաց արվեստագետ Բաչա Մալազոնիան: Աշխարհի առաջատար ընկերությունները` Giesecke & Devrient (Գերմանիա), Oberthur Fiduciaire (Ֆրանսիա) և De La Rue (Անգլիա) մասնակցել են Վրաստանի Ազգային բանկում մշակված նորացված թղթադրամների էսքիզների կատարելագործման գործընթացին:
2016 թ. մարտ ամսին, Բուխարեստում HSP Europe ™ կոնֆերանսում վրացական ազգային տարադրամի թղթադրամների շարքը՝ 20, 50 և 100 լարի արժողությամբ թղթադրամները, հաղթել են Եվրոպայի և ԱՊՀ երկրների շրջանում «2016 թ.-ի Տարածաշրջանային Լավագույն Թղթադրամ» անվանակարգում: