Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ է դարձել «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Թալակվաձեն:
Այսօրվա նիստում նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 94 պատգամավոր, դեմ արտահայտվողներ չեն եղել: Գրանցումը 101 պատգամավոր էր անցել: Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» բոյկոտել են քվեարկությունը:
Թալակվաձեն քվեարկությունից առաջ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` իրենց աջակցության և վստահության համար: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է Վրաստանի խորհրդարանի նախագահ դառնալը և Սահմանադրական մարմնի ղեկավարումը», – ասել է Թալակվաձեն։
Նրա նախորդը՝ Իրակլի Կոբախիձեն, հրաժարական էր տվել հունիսի 21-ին: Ընդդիմությունը պահանջեց Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում բացեց նստաշրջանը Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Գավրիլովը, նստելով օրենսդիր մարմնի նախագահի բազկաթոռին՝ դիմեց մասնակիցներին ռուսերենով:
Միևնույն ժամանակ, հրաժարականից մեկ օր առաջ Կոբախիձեն ընդդիմության առաջադրած պահանջներն անվանեց՝ «ոչ լուրջ»։ Ինչ վերաբերում է Վրաստանի խորհրդարանում Սերգեյ Գավրիլովի ելույթին, Կոբախիձեն դա անվանեց «միկրոմենեջմենտի թերություններ»: Միաժամանակ, խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել իշխանություններին, ընդդիմությանը և հասարակությանը` կատարվածի համար հստակ պատասխան տալու:
Արչիլ Թալակվաձեն 36 տարեկան է։ Նա Օզուրգեթիից է։
Նա 2006 թ.-ին ավարտել է ԹՊԲՀ-ն։ 2010 թ. Հանրային գործերի Վրացական համալսարանը (GIPA)։ Աշխատել է Ամերիկական զարգացման գործակալության ընկերությունում (USAID) 2006-07 և 2011-12 թթ.։ Բացի այդ, 2007-09 թ. աշխատել է Հանրային պաշտպանի գրասենյակում։
2012-ից մինչև 2014 թվականը եղել է դատավճիռների կատարման փոխնախարար: Այնուհետև երկու տարի աշխատել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում: Նա 2016 թ. ընտրություններին անցել է խորհրդարան և մինչ օրս զբաղեցրել է խորհրդարանական մեծամասնության նախագահի պաշտոնը:
Արչիլ Թալակվաձեն ամուսնացած է, ունի երկու երեխա: 2017 թվականից նա «Արծիվներ» ռեգբիի ակումբի և «Mia Force» ռալիի ակումբի պատվավոր նախագահ: