Վրաստանում հայերը մեծամասամբ ապրում են Ջավախքում և Թբիլիսիում: Նրանց ինտեգրման մակարդակը վրաց հասարակություն տարբեր է, տարբեր են նաև դրա հետ կապված խնդիրները: Ինչ են մտածում նրանք միմյանց մասին, ինչպիսին են խնդիրները և ինչն է մղում հակահայկական մտածելակերպին Վրաստանում:
Հայերն արդեն դարեր է ինչ բնակվում են Վրաստանում, հիմնականում՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում և մայրաքաղաք Թբիլիսիում։ Նրանք կազմում են Վրաստանի բնակչության մոտավորապես 5․7%-ը (մոտ 250 000 բնակիչ), բայց չնայած այս ամենին, Վրաստան պետության տարածքում գտնվող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ հայ ազգի մեծամասնությունը լիովին ինտեգրված չէ։
Դավիթ Ջանամյանը, ով թբիլիսահայ է ջավախքյան արմատներով, իրեն լիովին ինտեգրված է համարում Վրաստանում, պարզաբանելով.
«Եթե հայը կարողանում է խոսել վարժ վրացերեն, ունի վրացի ընկերներ և ծանոթ է Վրաստանի իրավիճակին, ապա նա, կարելի է ասել, իրեն կզգա նորմալ, բայց նա չի կարող ապահովագրված լինել ռասիստական կատակներից, պետությանը, քաղաքացիությանը, քաղաքականությանը վերաբերող անտակտ հարցերից։ Սա փաստ է և այս փաստին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ», – ասում է Վրաստանի ազգային համալսարանի ուսանողը, ավելացնելով, որ ինքն իրեն համարում է վիրահայության այն մասնիկը, ով հարգում և սիրում է վրաց մշակույթն ու Վրաստանը, բայց չի մոռանում իր ակունքները։
Վրաստանի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեն նշում է.
«Կարելի է ասել, որ հայերը Թբիլիսիի անբաժան մասն են, որովհետև այս մարդիկ պատմականորեն ներկայացնում են քաղաքի կոլորիտը և հասարակության մի մասն են։ Վրաստանը նրանց համար կարևորագույն նշանակություն է ստացել, դարձել է նրանց երկրորդ տունը»:
Վրաստանում ապրող հայերը ապահովագրված չեն հակահայկական հղումներից։ Պարբերաբար վրացական մեդիայում հանդիպում են հակահայկական բնույթի թեմաներ, ինչն էլ անհանգստություն է առաջացնում վիրահայերի շրջանում։ Որոշ լրատվամիջոցներ «առիթը բաց չեն թողնում» կրկին անգամ մատնանշելու հայերի էթնիկ փոքրամասնություն լինելու փաստը և տարածում են հայերին վերաբերող բացասական մեկնաբանություններով լի թեմաներ։
Որպես օրինակ շատ հաճախ նման մեսիջներ է տարածում Վրաստանի ամենահայտնի հեռուստաալիքներից մեկը, որտեղ բացի հակահայկական հոդվածներից, շատ տարածված «Կոմեդի շոու» հումորային ծրագրի շրջանակներում ներկայացվում է շոուի մի մաս, որում վատ հատկանիշներով օժտված անձը կերպարանավորված է հայի դերում։
«Արմենոֆոբիայի» օրինակ է նաև վերջերս սոցիալական կայքերում տարածված հաղորդագրությունները «Իմ թաղամասը/քաղաքը օկուպացված է հայերի կողմից» և նմանատիպ այլ հաղորդագրություններ, որոնք տարածվում են հիմնականում թբիլիսաբնակ վրացիների կողմից, քանի որ հենց նրանց կողքին են ապրում հայ հարևաններ։
Վրաստանում հայատյացության մասին խոսում է «Արձագանք» պլատֆորմի ղեկավար Գիորգի Թումասյանը։ Վերջինս ընդգծում է՝ վրաց հասարակության տարբեր մասերում այսօր կա հայի մասին տեղեկության անբավարարություն։
«Ցավոք կան երրորդ ուժեր, որ տարբեր միջոցներ օգտագործելով փորձում են հայ և վրաց ժողովրդների միջև ատելություն սերմանել։ Դրանց ցուցակում է նաև մեդիան, սոցիալական մեդիան, որը տարբեր կեղծ լուրերի օգնությամբ տարածում է հակահայկական մտածելակերպ և փորձում վրաց ժողովրդին դարձնել հայատյաց, ինչն էլ բախում է առաջացնում հայ և վրաց ժողովրդների միջև»,- ասում է Գիորգի Թումասյանը։
Նրա խոսքերով, վրաց հասարակությունը ջավախահայությանը լավ չի ճանաչում, և սա է պատճառը, որ ընկալումը ջավախահայության մասին՝ բացասական է։ Ըստ նրա, այս ամենը գալիս է հենց վրաց լեզվի իմացության պակասից, որի հետևանքով էլ ջավախահայությունը շատ հազվադեպ է մասնակցություն ցուցաբերում երկրի պետական գործերին։
«Կարևորագույն առաքելությունն այսօր կարծում եմ այն է, որ ջավախահայությունը լեզվին տիրապետելով և ունենալով ներկայացուցիչներ, ովքեր կտիրապետեն պետական լեզվին, ճանաչել տա Վրաստանին իր ինքնությունը», – նշում է Թումասյանը։
Վրացական մեդիան Ջավախքի մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ որ «ռուսական ալիք» է բարձրանում, կամ եկեղեցիների հետ առնչվող խնդիր է լինում։
Այս ամենին զուգահեռ վերջին տարիներին ջավախահայ ուսանողները հաճախ են դիմում Թբիլիսիի պետական ԲՈՒՀ-եր, ինչն էլ լեզուն սովորելու, վրացիների հետ շփման և վրաց համայնքին ավելի լավ ճանաչելու հիմք է տալիս։ Իրավիճակն այսպիսին է՝ թե ԲՈՒՀ-երում, թե շրջակա միջավայրում ամեն ինչ կախված է դիմացինից: Նրանից, թե քեզ հետ շփվող ազգությամբ վրացին ինչպե՞ս է տրամադրված այս կամ այն ազգության ներկայացուցչի հանդեպ։ Հաճախ հեշտ է լինում լեզու գտնել նրանց հետ, բայց երբեմն էլ հանդիպում են մարդիկ, ովքեր իրենք հայրենասեր համարելով, ասում են, որ Վրաստանում պետք է ապրի միայն վրացի ազգը։ Հանդիպում են նաև այնպիսի մարդիկ, ովքեր հակառակը՝ օգնում են, կոմպրոմիսների գնում:
Գիորգի Թումասյանի հետ համակարծիք է Գիորգի Գոբրոնիձեն, ով Վրաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է միջազգային հարաբերություններ բաժնում։ Նրա խոսքով Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում համեմատաբար ավելի լուրջ է լեզվի խնդիրը և այնտեղ, որտեղ դժվար է շփումը, մարդիկ օտարանում են միմյանցից և շատ հաճախ հիմնվելով որոշակի փաստերի վրա ստեղծվում են հակահայկական ալիքներ։
«Հիմնականում հակահայկական հղումներ արվում են այն մարդկանց կողմից, ովքեր չգիտեն սեփական պետության և ազգի պատմությունը և նույնիսկ այն, որ Վրաստանում հայի պատմությունն արդեն դարեր է ինչ շարունակվում է, նրանք ուղակի չգիտեն իրենց սեփական անցյալը, չեն հասկանում, թե որքան է հարստանում հենց հայկական մշակույթով նաև վրացական մշակույթը»,- ընդգծում է միջազգայնագետը։
Ախալքալաքում իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում Սամվել Խոդիկյանը, ով հաստատելով լեզվի չիմացության փաստը, ավելացնում է, որ չնայած այս ամենին նա իրեն զգում է ազատ, որպես հայրենիքում և շատ լավ հարաբերությունների մեջ է վրացիների հետ։
«Այնքանով ենք ինտեգրված, որ այստեղ ապրում ենք, դու ինքդ պետք է քեզ զգաս լիարժեք քաղաքացի, ըստ հայեցողության, իսկ լեզվի չիմացությունը խանգարում է ինտեգրմանը ու դա գալիս է նրանից, որ մենք ապրել ենք սովետական ժամանակաշրջանում։ Այն ժամանակ մեր լեզուն եղել է ռուսերենը և վրացերենին շատ ուշադրություն չենք դարձրել և իմացությունը պարտադիր չէր որևէ առավելության հասնելու համար»,- ասում է Սամվել Խոդիկյանը։
Նրա խոսքերով նոր սերունդը տիրապետում է վրացերենին ու շատերն անգամ իրենց տեղն են գտել վրաց համայնքի մեջ, քանի որ հիմա պետական լեզվի իմացության հարցն ավելի լուրջ է դրված։
«Եթե ինչպես հիմա է դրված վրացերենի իմացության հարցը, նույնը լիներ առաջ մենք հիմա այս խնդիրները չէինք ունենա, պետք է հաշվի առնենք նաև, որ այստեղ բնակչության 96-97 տոկոսը այն ժամանակ հայեր էին և խոսակցությունն իրար մեջ հայերեն էր, ու դժվար կլիներ վրացերենին տիրապետել։ Ես այստեղ վրացի ընկերներ ունեմ, ովքեր հայերեն են խոսում ինձ հետ, ես ինչպե՞ս սովորեի վրացերեն։ Արդեն խնդիրը չկա լրիվ ինտեգրվելու, նոր սերունդը տիրապետում է լեզվին՝ գոնե մասամբ»։
Չնայած տարբեր ԶԼՄ-ների կողմից հակահայկական հղումների բազմազանությանը, էթնիկ փոքրամասնությունները Վրաստանում որոշակի արտոնություններ ունեն, ինչպես նաև հատկանշական է, որ ինտեգրման ամենամեծ խնդրի լուծման համար պետության կողմից տարբեր միջոցներ են ձեռնարկվում՝ անվճար վրացերեն լեզվի դասընթացներ և այլն, որոնք էլ պետք է օգնեն հայերին իրենց զգալ պետության լիարժեք անդամներ: Սակայն վերոնշյալ խոչընդոտները դժվարացնում են առաջընթացը։
Ռիմա Մառանգոզյան