Երբ Լալա Շահբեկյանը դեռ փոքր աղջիկ էր, կարող էր ժամերով լսել տատի պատմությունները, թե ինչպես են նախկինում իրենց գերդաստանի կանայք հավաքվել և միասին գորգ են գործել: Այդ ժամանակվանից նրա մեջ ներքին մղում կար դեպի գորգագործությունը, սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ Լալայի մանկական երազանքը իրականանում է ինքնին:

«Գորգի մասին լսել եմ իմ մայրիկից ու տատիկից: Հավաքվել են հարս ու աղջիկ, գորգեր են գործել օժիտի համար, տան համար, իմ տատն ունեցել է 7 երեխա, ամենքի անունով գորգ է գործել ու նվիրել, և ամենքը սրբության նման պահում են դրանք: Փոքրուց մեջս մտել էր, և միշտ ինքս ինձ հարց էի տալիս՝ տեսնես կլինի մի օր, որ ես էլ գործեմ»,- պատմում է Լալան:

Տասնամյակներ անց երջանիկ պատահականությունն ամբողջովին փոխում է նրա կյանքը:

«Երբ տղաներս ուսանող դարձան, ես էլ գնացի Երևան: Ինչո՞վ զբաղվես, ի՞նչ անես, երեխաները դասի են գնում: Աշխատանք եմ փնտրում ու չեմ գտնում, մեկ էլ մի օր պատահական մայթով անցնելիս մի հայտարարություն տեսա: Գորգագործության կենտրոն կա, որ հրավիրում է սովորելու և միաժամանակ խոստանում է աշխատանքի տեղավորել»,- հիշում է Լալա Շահբեկյանը:

Նա այն եզակի կանանցից է, ում համար արհեստ սովորելը տարիք ու ժամանակ չի հարցնում: Այդ օրվանից նա երկու ամիս, ամեն օր, 4 ժամ գորգագործության է հաճախում:

gorcelis

«Այդ աշխատանքն իմն էր, երկու ամիս հետո ինձ ուղարկեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն: Ասացին՝ դուք պետք է այնտեղ կատարելագործվեք, այնքան եմ շնորհակալ այդ կնոջը, գնացի և միանգամից ընդունեցին աշխատանքի: Միանգամից գորգի դեմ նստեցրին, ճիշտ է շատ դանդաղ էի գործում, իսկ արտադրության մեջ առաջինն արագությունն է, իսկ ես դանդաղ ու հաճույքով էի գործում, հետո արդեն ժամանակի հետ կատարելագործվեցի ու հասկացա՝ պետք է արագ գործեմ»:

Լալա Շահբեկյանը մեկ տարի աշխատում է Մեգերյան կենտրոնում, որը նրա համար ոչ միայն աշխատանք էր, այլև եզակի հնարավորություն հմտանալու գորգագործության գաղտնիքների մեջ: Նա խոստովանում է, հաջողության է հասել, որովհետև ընտանիքը նրան անընդհատ ոգևորել է, ինչպես նաև ինժիներ մեխանիկի մասնագիտությունն է օգնել:

«Շատ օգնեց նաև այն, որ պոլիտեխնիկում եմ սովորել, ամեն ինչ գծագրություն է, երկրաչափություն և հաշվարկ»,- հավելում է գորգագործը:

2007 թվականից մինչ օրս Լալան գործում է: Իսկ առաջին գորգը, որ գործել է, դա եղել հայոց թռչնագիր այբուբենը: Լալան 2014 թվականից երեխաներին գորգագործություն է սովորեցնում Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում իրեն հատկացված փոքրիկ մի սենյակում, որտեղ երկու դազգահն է, հետաքրքրասեր երեխաներն ու իր հոբբին՝ գորգագործությունը:

«Գորգերով հայերը հնում պատմություն էին պատմում, բայց ոչ բոլորն էին կարողանում կարդալ: Տարեց կանայք հիշողությամբ էին գործում: Հիմա էլ ես որտեղ ինչ որ մի նախշ եմ տեսնում փորձում եմ անպայման մտապահել, որպեսզի կարողանամ նույնությամբ վերարտադրել և պահպանել մեր անհետացող պատմությունը»,- պատմում է նա:

Ջավախքում այսօր գորգագործությամբ շատ եզակիներն են զբաղվում: Մեր հերոսուհին ցավով է նշում՝ այսօր կանայք ու աղջիկները գերադասում են անգործ նստել տանը, քան զբաղվել գորգագործությամբ կամ որևէ այլ օգտակար զբաղմունքով: Այնինչ գորգագործությունը կարող էր նրանց համար նաև ապրուստի միջոց դառնալ:

«Մեր զարդանախշերն ուրիշ ոչ մի տեղ չկան: Երբ սկսեցի ուսումնասիրել, խորանալ դրանց մեջ, հասկացա, որ մեր գալարանախշը, գունաշերտերը, չկա ոչ մի տեղ: Որոշեցի, որ գոնե ես կարողանամ դրանք պահպանել»:

Ջավախքյան գորգերում ամենաշատ օգտագործվող նախշը, դա գալարանախշն է՝ կաքավը: Իսկ գույների մեջ գերիշխում է սևը:

«Ամբողջ գորգադաշտն ասիմետրիկ գործվածք է, սևահողային գոտում ենք, ամբողջը բուսականության մեջ է, կաքավների դաշտ, որոնք գետնին են նստում, ծաղիկներ և իհարկե եզրագոտին, որը մեր մոտ ընդունված է ասել՝ եզան քարշ: Մշակովի դաշտ է, ես այդպես եմ պատկերացնում: Գույները շատ վառ են, սևը վարդագույնի, դեղինի հետ, թափանցիկ գույների խաղ, որտեղ գերիշխում է սևը», – ջավախքյան գորգերին այսպիսի բացատրություն է տալիս Լալա Շահբեկյանը:

hin gorg

Վերջերս Լալան իր աշակերտների հետ Թորիա գյուղում պահպանվող մի հին գորգ է կրկնօրինակել:

«Երբ խորացա զգացի, որ եզակի գորգ է: Մեջտեղում խաչն է, որը վկայում է՝ այդ մարդիկ քրիստոնեական մեծ հավատք են ունեցել, արև, խաչ և այլն: Ինչով է եզակի, նախ շատ գրավիչ ֆոն ունի՝ մեծ գորգադաշտում դեղին արևի ճառագայթներն են շողարձակում, որտեղ դեղինի ու սպիտակի համադրությունը կատարելության է հասցվել: Շատ մանրամասներ նկատելի չեն, որովհետև փոքրացրել եմ»,- բացատրում է գորգագործը:

Գորգագործությունը Լալայի համար հոգեկան հանգստություն ու ներդաշնակություն է, որն օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները:

«Հաց ու ջրի նման մի բան է, անհագ մի ծարավ, իմ օդն է, թթվածինը, որն ինձ օգնում է հաղթահարել կյանքի յուրաքանչյուր դժվարություն: Այսօր երեխաները ևս ծարավ են իրար հետ շփվելու, նրանք սպասում են, ժամերն են հաշվում, որպեսզի գան գործելու: Երեխային գրավում է հանգույց կապելը, շարք շարելը, ամեն ինչ», – ասում է Լալա Շահբեկյանը, ով շաբաթական 4 օր կենտրոնում գորգագործություն է դասավանդում:

Բոլորովին վերջերս Լալա Շահբեկյանը Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեց Մայրենիի դեսպան մեդալով:

«Շատ անսպասելի էր, հետո հաճելի է, հետո հասկանում ես, որ դու այս շրջանում միակն ես, ով զբաղվում է այս գործով: Շատերն են ինձ խորհուրդ տալիս համալսարան ավարտած ես գնա դպրոց մտի կամ ուրիշ աշխատանքի, ափսոս է և այլն: Բայց ես հպարտ եմ, որ զբաղվում եմ այս աշխատանքով, սա իմ հոբբին է»:

Աղունիկ Այվազյան